20/10/2023 18:18
Ադրբեջանն Արցախում թիրախավորել է կենսական նշանակություն ունեցող քաղաքացիական ենթակառուցվածքներ, բնակավայրեր, արձանագրվել են քաղաքացիական անձանց դիմահար սպանելու դեպքեր. Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը փաստեր է ներկայացրել Արցախի (ըստ գյուղերի եւ քաղաքների) նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումների, զինված առաջխաղացումների ուղղությունների եւ բնակավայրերը թիրախավորելու, դրանք իրարից դիտավորությամբ մեկուսացնելու, մարդկանց տառապանքներ պատճառելու ադրբեջանական մեխանիզմի վերաբերյալ:
«Փաստերն ակնհայտորեն վկայում են, որ ադրբեջանական զինված ծառայողները մեկուսացրել են իրարից Արցախի խոշոր բնակավայրերը՝ Ստեփանակերտը, Մարտակերտը, Մարտունին եւ Ասկերանը»,- ընդգծել է Արման Թաթոյանը՝ հավելելով՝ զինված հարձակումներն իրականացվել են հենց այս 4 ուղղություններով:
«Նրանք սա արել են հատուկ նպատակով: Այս ռազմավարության պատճառով հազարավոր մարդիկ կորցրել են կապն իրենց ընտանիքների հետ: Այս կերպ ադրբեջանական իշխանությունը դիտավորությամբ առաջացրել է խուճապ եւ քաոսային իրավիճակ: Ընդ որում, փաստերով ապացուցվում է, որ ադրբեջանական կողմը թիրախավորել է մարդկանց համար կենսական նշանակություն ունեցող քաղաքացիական ենթակառուցվածնքեր: Օրինակ՝ անմիջապես գրավել են Ստեփանակերտ քաղաքի ջրամատակարարման համակարգը, որի պատճառով հնարավոր չի եղել ֆիլտրել խմելու ջուրը, եւ մարդիկ ստիպված են եղել խմել պղտոր ջուր:
Այս ամենից զատ, ադրբեջանական կողմը հրետանային ու ավիացիոն հարվածներով թիրախավորել է բնակավայրերը, որը հանգեցրել է երկու տասնյակ զոհերի եւ հարյուրավոր վիրավորների խաղաղ բնակիչների շրջանում (ք. Ստեփանակերտ, Սառնաղբյուր, Վարդաձոր գյուղեր եւ այլն):
Արձանագրվել են նաև քաղաքացիական անձանց դիմահար սպանելու դեպքեր (օրինակ՝ Ստեփանակերտից Հարավ գյուղ տանող ճանապարհին սպանել են քաղաքացիական ավտոմեքենայով թոռանը գտնելու գնացող պապուն)»,- նշել է Արման Թաթոյանը:
Ներկայացված փաստերը նա հավաքագրել է՝ սեպտեմբերի 19-ից սկսած: