20/10/2023 10:40
ՌԴ-ի հասցեին ՀՀ-ից հնչող հակասական խոսքերի հեղինակները պետք է պարզաբանում տան. Սերգեյ Կոպիրկին
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը խոսել է Հայաստանում վերջին ամիսներին նոր թափ ստացած հակառուսական հռետորաբանության մասին։
Նա տարակուսանք է հայտնել, որ մարդիկ, որոնք մեղադրում են Ռուսաստանին շահադիտական նպատակներ հետապնդելու, հակահայկական դավադրությունների մեջ, տրամաբանական հակասություն չեն տեսնում իրենց խոսքերի և իրականում կատարվողի միջև։
Դեսպանի կարծիքով` հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հակասական հայտարարությունների հեղինակները պետք է պարզաբանում ներկայացնեն, որպեսզի բոլորին հասկանալի լինի։ Դիվանագետն ասել է, որ մեր երկրների, ժողովուրդների համար այդ թեման իսկապես շատ կարևոր է, այդ պատճառով ցանկալի է հստակություն ունենալ։
«Ռուսաստանի համար Հարավային Կովկասը մեր մեծ տան մի մասն է, քանի որ իսկապես դրանից շատ բան է կախված, և մեզ համար այն կենսական կարևորություն ունեցող տարածաշրջան է։ Հասկանալի է, որ Ռուսաստանն իր շահերն ունի, և նա դրանք առաջ է մղելու, իրականացնելու է։ Սակայն ես լիովին համոզված եմ, որ ՌԴ–ի կարևորագույն, առանցքային շահերից մեկն այն է, որ տարածաշրջանում լինի հանգիստ, որպեսզի այստեղ ռազմական սրացումներ չլինեն, և որպեսզի այստեղ իսկապես պայմաններ ստեղծվեն կայուն և տնտեսապես արդյունավետ կյանքի համար»,- «Sputnik Արմենիա» ռադիոկայանի եթերում ասել է Սերգեյ Կոպիրկինը։