20/10/2023 14:53
Տարհանվածներին առավել քան պետք է աշխատանք գտնել, երեխաներին՝ առավել քան ինտեգրվել. մանկապարտեզները հասանելի չեն Արցախի երեխաներին
«Արցախի մայրիկների աջակցման կենտրոն» ՀԿ նախագահ Մարիամ Աբրահամյանը Մեդիակենտրոնում հրավիրված ասուլիսին բարձրաձայնեց հատկապես Երևանի պետական մանկապարտեզներում արցախցի երեխաներին ընդգրկելու հարցը։
Նա սեփական փորձը ներկայացրեց, որ, աշխատանքի կարիքից դրդված, երբ դիմել է Արաբկիրի պետական բոլոր մանկապարտեզներ՝ իր փոքրիկներին ընդունելու, բոլոր տեղերից էլ մերժում է ստացել։ Պատճառաբանել են, որ պետք է հերթագրվեն, ազատ տեղեր չկան, լիցենզիաների քանակը սահմանափակ է, և իրավունք չունեն ավելի երեխա ընդունելու։ Մարիամ Աբրահամյանը նշում է, որ երբ խնդրի մասին գրառում է կատարել, արձագանքից հասկացել է, որ խնդիրը շատ լուրջ է և ծնողների 80-90 տոկոսը չի կարողացել մանկապարտեզներում տեղավորել իրենց բալիկներին։
Դիտարկմանը, թե խնդիրը միայն Երևանու՞մ է՝ ՀԿ նախագահը նշեց, որ մարզերից էլ են եղել մայրիկների արձագանքներ, որ չեն կարողացել երեխային տեղավորել։
«Տարհանվածներին առավել քան պետք է աշխատանք գտնել, երեխաներին առավել քան պետք է ինտեգրվել՝ հաշվի առնելով հագեբանական ծանր ապրումները, որոնց միջով անցել են», - ասաց նա։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Հանրակրթության վարչության պետի տեղակալ Ելենա Հարությունյանը նշեց, որ Երևանի 162 պետական մանկապարտեզներ է հաճախում 26 500 երեխա։ «Այս պահին միայն Երևանում, մինչև արցախցի մեր հայրենակիցների ժամանումը, շուրջ 8 300 հոգի հերթում սպասում էին։ Լիցենզիան ուղղակի բյուրոկրատիա չէ, թիվ չէ, դա ուղղակի կրթական միջավայր է, որն անհրաժեշտ է երեխայի համար ապաահովել», - ասաց նա։
Միաժամանակ նա նշեց, որ այս պահին Երևանում շուրջ 500 երեխա արդեն իսկ ընդգրկված է մանկապարտեզներում, թեև կան խմբեր, որոնք գերհագեցած են։