20/10/2023 10:37
Ոստիկանության պարզաբանումը, թե ինչու են արցախցիներին պարեկները 100 հազար դրամ տուգանել՝ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու պատճառով
Իրազեկումից հետո է միայն դիտարկվել արցախցիներին վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը. այս մասին Aysor.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական բաժնից՝ պարզաբանելով այն ահազանգերը, որ արցախցիներին պարեկները 100 հազար դրամ տուգանում են՝ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու պատճառով։
«Հաշվի առնելով հասարակական կարգի պահպանման անհրաժեշտությունը, նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների անվտանգության ապահովումը՝ ի սկզբանե ՆԳՆ ոստիկանությունը շեշտը դրել է ոչ թե տուգանելու, այլ իրազեկման վրա՝ ձեռնարկելով նախազգուշական միջոցառումներ: ՆԳՆ ոստիկանությունը բավական երկար ժամանակ ծառայություն է իրականացրել հենց այդ աշխատելաոճով: Նշվածից հետո է միայն դիտարկվել վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը՝ հաշվի առնելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը՝ երթևեկության բոլոր մասնակիցների համար», - հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից։