20/10/2023 12:46
ՌԴ-ի հետ մեր լեզու գտնելու ժամանակն անցել է. Գագիկ Մելքոնյան
ՌԴ-ի հետ մեր լեզու գտնելու ժամանակն անցել է. Aysor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։
Ըստ նրա, ՌԴ-ն առանջորդվում է իր շահերով, որը ՀՀ-ի հետ համատեղելի չէ։ «Երբ որ մենք ապրում էինք Սովետական Միության կազմում ու երբ մենք Մոսկվա էինք գնում՝ հարցեր լուծելու, տանում էինք արկղերով կոնյակներ, համապատասխան իշխանավորներին տանում էինք ադամանդե մատանիներ, նրանց կանանց՝ թանկարժեք թևնոցներ ու զարդեր, այդ ժամանակ բոլոր անդամ երկրներն էին տանում՝ և՛ Ադրբեջանն էր տանում, և՛ ղազախները, և՛ մենք, և՛ մյուս բոլոր պետություները։ 2018-ից հետո, երբ գնացինք դեմոկրատիայի ճանապարհով, նվերներ տալը մենք ինչ-որ ձևով «թարգեցինք»։ Իսկ Ալիևը շարունակեց, ճամպրուկներով էր դոլար տանում, իսկ մենք գնալուց ուզում էինք մեր արդար խոսքը ասել։ Բայց, պատկերացրեք, այդ մարդիկ սովոր էին ընծաների, ու երբ դու գնում ես առանց դրանց, արդեն չես ընդունվում այնտեղ», - ասաց նա։
ՔՊ-ական պատգամավորը օրինակ է բերում. «Խոսքի՝ Լավրովին նվիրել են յախտա կամ տներ են նվիրում տարբեր եվրոպական երկրներում, ձեր կարծիքով Լավրովը, կիսահայ լինելով, Ադրբեջանում մե՞ր շահը կպահի, թե՞ իր շահը..., իհարկե, իր շահն է պահելու, ու մնացած բոլոր չինովնիկները կաշառքներ են վերցրել ու գումարներ են ստանում Ալիևից, իսկ Հայաստանից ի՞նչ են ստանում՝ ոչ մի բան։ Նրանց բոլորի շահերը դրա համար համընկնում են»։
Դիտարկմանը, որ եթե Արցախը պահելու գինը նման քայլերով սիրտ շահելն էր, գուցե, արդարացվա՞ծ էր՝ պատգամավորը պատասխանեց. «Ոչ ոք չի կարող ասել՝ Արցախի համար իրենք ինչքան գին են վճարել, բայց մեր տվածը կլիներ Ադրբեջանի վճարածի 0,001 մասը։ Բայց հիմա ոչ ոք չի կարող ասել, թե այդ առևտրի գինն ինչքան է եղել», - ասաց նա։