20/10/2023 09:53
«Հրապարակ». Տիգրան Ավինյանին առաջիկա հինգ տարիներին լուրջ փորձություններ են սպասվում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ին և Տիգրան Ավինյանին առաջիկա հինգ տարիներին լուրջ փորձություններ են սպասվում, չնայած իշխանական ՔՊ-«Հանրապետություն» կոալիցիային հաջողվեց` չունենալով մեծամասնություն, քաղաքապետ ընտրել, սակայն Երևանի ավագանիում կարևորագույն փաստաթղթերի մեծ մասը, ինչպիսին, օրինակ, բյուջեի ընդունումն է, պետք է տեղի ունենա 33 ձայնով: Կան որոշ դեպքեր, երբ ձայների 2/3-ն է պահանջվում՝ 44 ձայն: Մինչդեռ կոալիցիան ունի ընդամենը 32 ձայն։ Եվ եթե հավատանք «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի՝ Դոգի հավաստիացումներին, որ իրենք չեն ծախվել, գործարքի չեն գնացել ՔՊ-ի հետ, ապա առաջիկայում Երևանում կառավարման ճգնաժամ է ծագելու:
Օրինակ՝ օրենքն ասում է, որ «Համայնքի բյուջեում փոփոխություններ և (կամ) լրացումներ կարող են կատարվել համայնքի ղեկավարի կամ համայնքի ավագանու անդամի (անդամների) առաջարկությամբ... այն փոփոխությունները և (կամ) լրացումները, որոնք նվազեցնում են համայնքի բյուջեի մուտքերը կամ ավելացնում են ելքերը, համայնքի ավագանին քննարկում է միայն համայնքի ղեկավարի եզրակացության առկայությամբ և ընդունում ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով»: Կամ. «Քաղաքապետի եզրակացության համաձայն` Երևանի բյուջեի եկամուտները նվազեցնող կամ ծախսերն ավելացնող որոշման նախագծերն ավագանին ընդունում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ»: Ով կամ ովքեր են «փրկելու» ՔՊ-ին՝ կերևա առաջիկայում»։