20/10/2023 13:07
Դեսպանի ուզածն ի՞նչ է․ ասենք՝ փա՛ռք Ռուսաստանին, կեցցե՛ն մեր ՌԴ-ի իշխանությունները, որ այսքան փորձանք կազմակերպեցին ՀՀ-ի գլխի՞ն. ՔՊ պատգամավոր
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին հորդորում է հակառուսական հռետորաբանության համար պարզաբանում խնդրել նախևառաջ ռուս «պրոպագանդիստներից»։
«Երբ որ իրենց զախարովաներն իմ երկրի վարչապետին հազարումի բան են ասում ու մենք հակադարձում ենք, դա հակառուսակա՞ն է իմ կողմից։ Կամ՝ երբ իրենց ԱԺ պատգամավորն ասում է՝ Հայաստանը պետք է դառնա ծայրագույն իրենց նահանգներից մեկը, Հայաստանը պետք է ջնջել, ստացվում է ե՞ս եմ հակառուսական քարոզ տանում», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց նա՝ նշելով, թե ինքը հակառուսական տրամադրություններ չի ստեղծում, այլ ընդամենն իրականությունն է մատնանշում։
«Եթե ես իրականությունից մի բառ ավելի ասել եմ, ես դրա համար կարող եմ պատասխան տալ. ինչ-որ իրենք ասում են և ինչ արել են՝ ես միայն դրա մասին եմ ասում», - նշեց նա։
Նշենք, որ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը խոսելով ՀՀ-ում վերջին ամիսներին նոր թափ ստացած հակառուսական հռետորաբանության մասին՝ նշել էր, որ հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հակասական հայտարարությունների հեղինակները պետք է պարզաբանում ներկայացնեն, որպեսզի բոլորին հասկանալի լինի։
ԱԺ պատգամավորը դեսպանին հիշեցրեց, որ ռուսական հեռուսատալիքներով էին կոչ անում ժողովրդին դուրս գալ հրապարակ՝ իշխանափոխություն անելու։
Պատգամավորը համաձայն է՝ Հայաստանում հակառուսական տրամադրություններն աճել են, բայց ոչ իրենց մեղքով. «Ռուսներն իրենք արեցին, իրենք ու իրենց դաշնակիցները։ Մինչև 20 թիվն արդեն երևում էր, որ իրենք Ադրբեջանին ավելի մոտիկ են»։
Նա թվարկեց ՌԴ-ի «շահադիտական քայլերը»․«Ռուսական կողմը հավատացնում էր, թե Ադրբեջանին մատակարարած ռուսական զենքը չի կրակելու ՀՀ-ի վրա, բայց տեսանք՝ ինչ եղավ, 2020-ի պատերազմը, երբ սկսեց՝ ասացին, որ Ղարաբաղը ՀՀ-ի տարածք չի, որ մենք օգնենք։ Հետո, երբ Ադրբեջանը մտավ ՀՀ ինքնիշխան տարածք, այդ անգամ էլ ասացին, թե մենք չգիտենք՝ դրանք ՀՀ-ի սահմաննե՞րն են, թե՞ Ադրբեջանի։ Դա այն դեպքում, երբ ՀՀ-ի ու Ադրբեջանի բոլոր քարտեզները գտնվում էին իրենց մոտ։ Հիմա էլ ասում են, թե մեր քարտեզներով պետք է սահմանզատում, սահմանգծում լինի։ Այսինքն՝ իրենց մոտ էր և շատ լավ գիտեին, որ մտել են 7 կմ մեր տարածք, ոչ միայն ձեռքերը չբռնեցին, այլև գոնե մեկ անգամ չհայտարարեցին, որ Ադրբեջանը օկուպացրել է ՀՀ-ի տարածքները։ Կամ՝ երբ որ իրենք ԼՂ-ի երաշխավորն էին, նոյմբերի 9-ի հայտարությամբ, որ ստորագրել էր պարոն Պուտինը և ասեց, որ դա ինքն է մշակել, Արցախը սիրուն ձևով հանձնեցին ու ասեցին, թե մեր խաղաղապահներն այնտեղ են, որ դիտորդական գործունեություն անեն։ Դրանից հետո իրենք ինչ են ուզում մեզնից, որ ասենք՝ փա՛ռք Ռուսաստանին, կեցցե՛ն մեր ՌԴ-ի իշխանություննե՞րը, որ գեղեցիկ ձևով կազմակերպեցին ՀՀ-ի գլխին այսքան փորձանքները, այդպե՞ս ասենք», - նշեց նա։
Դիտարկմանը, թե իր խոսքերն արդյո՞ք չեն հակասում վարչապետ Փաշինյանի հայտարարությանը, որ ՀՀ-ն չի փոխում իր քաղաքական վեկտորը՝ Գագիկ Մելքոնյանը պատասխանեց. «Ո՛չ, չի հակասում, մեր վեկտորը մեր երկրի անկախությունն է ու տարածքային ամբողջականությունը։ Մենք մեր ունեցածի տերն ենք, որ պետք է լինի 29 800 քառ կմ և մեր իշխանություները պետք է նշանակվեն ժողովրդի կողմից և ոչ թե մի այլ երկրի կողմից․ «դաբռո տան», որ այս մարդը դառնա Պաշտպանության նախարար, որ այս մեկը դառնա արտգործնախարար, «դաբռո տան», որ այս մեկը դառնա վարչապետ։ Մենք ուզում ենք ազատվել այդ ասելուց, մեր երկիրը մենք ուզում ենք անկախ լինի և, այո՛, մենք մեր վեկտորը չենք փոխում»։
Պատգամավորը շարունակեց. «Թող Կոպիրկինը մի հատ հայամետ բան ասի, ի՞նչ են արել, կարա՞ն ասեն՝ տնտեսությունն այսքան աճ է ունեցել, բայց ապրանք ենք ծախել, դուք էլ դրա գինը ստացել եք, դա չի նշանակում, որ հիմա էլ կագնեք, ասեք՝ մեր մասին լավը ասեք, դուք ասեք լավը ո՞րն է, մենք էլ այդ լավը դնենք, ամեն օր գովաբանենք»։
Դիտրակմանը, թե գազի գինը շուկայականից էժան է ՀՀ-ն ստանում ՌԴ-ից՝ պատգամավորը արձագանքեց. «Այդ շուկայականից էժան գազը մեր վրա այնքան թանկ է նստել՝ մեր վրա նստեց Արցախ, մեր վրա դեռ չգիտեմ էլ՝ ինչ է նստելու, մենք Արցախ ենք կորցրել, ու էտ գազի գինը էնտեղից դուրս է եկել արդեն»։