20/10/2023 14:27
Մենք պետք է ամեն ինչ անենք, որ չվտանգենք Հայաստանն ու Արցախի հետագա ճակատագիրը. Սամվել Շահրամանյան
Ավարտվել է Արցախի նախագահի ու արցախցիների հանդիպումը Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում։
«Հիմնական հարցերին տրվել են պատասխաններ, մենք պատրաստ ենք հարցերը գույքագրել ու ներկայացնել համապատասխան տեղ, ամեն ինչ չէ, որ մեզանից է կախված», - դիմելով դրսում ակցիա անող արցախցիներին՝ ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
Նա նշեց, որ ներկայացուցչությունում արցախցիներին երկու սենյակ կտրամադրեն ու այն քաղաքացիները, ովքեր ուզում են կամավորության սկզբունքով գույքագրել հարցերը, կունենան այդ հնարավորությունը։
Սամվել Շահրամանյանն ասաց, թե հարցեր կան, որոնց մասին չի ուզում բարձրաձայնել։
«Խնդրում եմ այսքանով բավարարվենք, մեր դռները բաց են, կփորձենք լուծել ձեր օրհասական հարցերը», - ասաց նա։
Արցախի նախագահն արցախցիներին կոչ արեց սթափ լինել, սադրանքների չգնալ։
«Սա մեզ բնորոշ չէ։ Խնդրում եմ գնացեք, զբաղվեք ձեր առօրյա հոգսերով, ձեր հարցերի պատասխանները ստանալու եք։ Բարդ իրավիճակում ենք, մեզ միայն ու միայն միասնություն է պետք։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ չվտանգենք Հայաստանն ու Արցախի հետագա ճակատագիրը», - ընդգծեց Շահրամանյանը։