21/10/2023 20:55
Հղիների մոտ ստամոքսի խանգարման և այրոցքի առաջացման պատճառները. Պրեէկլամպսիա
Հղիների մոտ ստամոքսի խանգարում կամ այրոցք կարող են առաջանալ հետևյալ պատճառներով՝
մեծ քանակությամբ սննդի ընդունում,
ճարպերով հարուստ սննդի ընդունում,
շոկոլադի կամ անանուխի ընդունում,
ծխախոտի օգտագործում,
մրգահյութերի կամ կոֆեինացված ըմպելիքների օգտագործում (սուրճ, թեյ, կոլա և այլն),
ուտելուց անմիջապես հետո ֆիզիկական աշխատանքի կատարում,
իրանի առաջ թեքված կամ կռացած դիրք,
տագնապի զգացում:
Մասնագետները հղիներին խորհուրդ են տալիս նշումներ անել այն մասին, թե կոնկրետ որ մթերքը, ըմպելիքը կամ երևույթն է, որ առաջացնում է ստամոքսի խանգարում:
Եթե գանգատները թեթև են, հնարավոր է, որ սննդակարգի կամ ապրելակերպի որոշ փոփոխություններն օգնեն մարսողության խանգարման կամ այրոցքի կանխարգելմանը։
Կարելի է փորձել՝
սնվել ավելի փոքր չափաբաժիններով և ավելի հաճախակի,
խուսափել անկողին մտնելուց առաջ ուտելուց,
խուսափել այնպիսի ուտելիք կամ ըմպելիք օգտագործելուց, որոնք կարող են այրոցք առաջացնել,
խուսափել օրվա ավարտին մեծ քանակով կամ թունդ սուրճ ըմպելուց,
խուսափել միաժամանակ ուտելիք և ըմպելիք օգտագործելուց, որոնք միասին կարող են ավելի ծանրաբեռնել ստամոքսը,
դադարեցնել ծխելը, եթե ծխող եք,
մահճակալի գլուխը բարձրացնել 10-15 սմ-ով,
պառկել ձախ կողմի վրա,
ուտելիս իրանը պահել ուղիղ,
օգտագործել մաստակ, որը կարող է խթանել թքարտադրությունը և օգնել թթվի չեզոքացմանը,
խուսափել ուտելուց անմիջապես հետո հորիզոնական պառկելուց։
Եթե այս ամենից հետո գանգատները չեն մեղմանում կամ ուժեղ են, բժիշկը կարող է նշանակել այնպիսի դեղեր, որոնք ապացուցել են հղիության ընթացքում իրենց անվտանգությունը։
Դեղերը կարող են՝
չեզոքացնել ավելցուկային թթուն,
կրճատել ստոմոքսաթթվի արտադրությունը,
կանխել ռեֆլյուքսը և այրոցքը:
Ընդհանուր առմամբ և հատկապես հղիության ընթացքում դեղեր պետք է ընդունել միայն բժշկի նշանակմամբ կամ խորհրդով:
Եթե այրոցքի ախտանիշները դեղերով չեն մեղմանում, կարևոր է այցելել բժշկի, քանի որ դա կարող է լինել ավելի լուրջ հիվանդության, օրինակ՝ պրեէկլամպսիայի նշան։
Պրեէկլամպսիայով հղի կինը սովորաբար ունի բարձր արյան ճնշում և երիկամների հետ կապված խնդիրներ։ Պրեէկլամպսիան կարող է նաև լրջորեն ախտահարել լյարդը, արյունը և գլխուղեղը։
Պրեէկլամպսիան վտանգավոր է ինչպես մոր, այպես էլ երեխայի համար։
Ձեռքերի, ոտնաթաթերի կամ դեմքի հանկարծակի այտուցվածություն, գլխացավեր, որոնք սովորական ցավազրկողներով չեն մեղմանում, տեսողության հետ կապված խնդիրներ, օրինակ՝ մշուշոտ տեսողություն, տեսադաշտում լույսերի առկայծում կամ կետեր, և կողերից ներքև ուժեղ ցավեր ունենալու դեպքում պետք է անհապաղ դիմել հղիությունը վարող բժշկին։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն