21/10/2023 20:07
Թարթիչների և հոնքերի լամինացիա. դրական և բացասական կողմերը
Լամինացիան մաշկի խնամքի հայտնի պրոցեդուրա է, որը ներառում է թարթիչների և հոնքերի հատուկ մշակում՝ երկարաժամկետ էֆեկտով: Արդյունքում մազերի մակերեսին բարակ թաղանթ է գոյանում, որը դրանց տալիս է ցանկալի ձև՝ դարձնելով նաև գեղեցիկ և խնամված։
Cosmopolitan-ի հրապարակման համաձայն՝ թարթիչների և հոնքերի լամինացիայի համար նախատեսված շիճուկները սովորաբար ներառում են հետևյալ բաղադրիչները՝ հիդրոլիզացված կերատին, որը լրացնում է մազերի կառուցվածքը, կոլագեն՝ խոնավեցնում և պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթումից, բնական յուղեր, պանթենոլ։
Կարելի է միաժամանակ կատարել հոնքերի և թարթիչների լամինացիա։
Հոնքերի և թարթիչների լամինացիայի տարբերությունը տեխնիկան է՝ թարթիչները լամինացնելիս դրանց տակ դրվում է հատուկ գլան՝ թեքություն տալու համար։ Հոնքերը լամինացնելիս պետք է մաքրել, յուղազերծել մազերը և քսել մի քանի շիճուկ: Խառնուրդի յուրաքանչյուր տեսակ պահվում է որոշակի ժամանակ, որը վարպետը կիրառում է՝ կախված հոնքերի խտությունից։
Լամինացիան նուրբ պրոցեդուրա է, որը սնուցում է մազերը ներսից:
Եթե յուղազերծումը վատ է արվում, մազերի վրա մնում են ճարպի և փոշու մասնիկներ, որոնք թույլ չեն տալիս բաղադրությանը ներթափանցել մազերի կառուցվածք: Լամինացիայի պահպանման ժամկետը միջինում 1,5–2 ամիս է։
Լամինացիայի գործընթացը տևում է 40 րոպեից մինչև 1,5 ժամ։ Lizzo-ի և Cardi B-ի հոնքերի նկարիչ Ռենե դե լա Գարզան խորհուրդ է տալիս լամինացիա անել սրահում: Վարպետը զգուշացնում է, որ լամինացիայի նյութի բաղադրիչները չափազանց ակտիվ են, ուստի, եթե ցանկանում եք պրոցեդուրան անել տանը, պետք է հետևեք հրահանգներին։
Լամինացումը հոնքերի և թարթիչների բնական տեսքը պահպանելու, դրանք գեղեցկացնելու և առողջացնելու ամենալավ մեթոդներից մեկն է: Վարպետ Սվետլանա Բորոդկինայի խոսքով՝ էֆեկտի գաղտնիքը հատուկ լուծույթի մեջ է, որը պարունակում է օգտակար սննդային բաղադրիչներ։ Դրանք խթանում են մազերի աճը՝ թարթիչները դարձնելով ավելի հաստ ու ծավալուն, իսկ հոնքերը՝ ավելի փարթամ։
Պրոցեդուրայից հետո թույլատրվում է աչքերի շուրջ ընկած հատվածի համար նախատեսված քսուքներ և յուղեր օգտագործել, նաև սևաներկ և հեռացնել այն՝ սովորական եղանակով։ Կարելի է գնալ սաունա կամ լողավազան և նույնիսկ քնել՝ դեմքը բարձի վրա դնելով։
Լամինացիայի միակ թերությունն այն է, որ այն չպետք է հաճախ կիրառել․ թարթիչները, հոնքերը լամինացնել կարելի է տարին երկու անգամ։
Մասնագետները նշում են նաև հոնքերի լամինացիայի հիմնական թերությունները՝ արտադրանքի քիմիական բաղադրությունը (հաճախակի օգտագործման դեպքում այն վնասում է մազերի կառուցվածքը և կարող է ալերգիկ ռեակցիա առաջացնել), պրոցեդուրայից հետո հոնքերը հինայով չի կարելի ներկել։
Հոնքերի և թարթիչների լամինացիա չի կարելի անել ակնաբուժական և մաշկային հիվանդությունների, հերպեսի, կոնյուկտիվիտի, վարակների, մաշկի մեխանիկական վնասվածքների դեպքում։ Պրոցեդուրան հակացուցված է նաև հղիներին և կերակրող կանանց։ Լամինացիայից հետո 24 ժամվա ընթացքում թարթիչներն ու հոնքերը չի կարելի թրջել, մաքրել ագրեսիվ, սպիրտ պարունակող նյութերով կամ ներկել։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն