21/10/2023 18:08
«Տարածաշրջանում երրորդ ուժեր չպետք է լինեն»․ Իրանցի վերլուծաբանը նշել է՝ ինչու է Թեհրանը հետաքրքրված «3+3» ձևաչափով (168.am)
Տարածաշրջանային գրեթե բոլոր երկրներն ունեն կոնսենսուս 3+3 ձևաչափի շուրջ, 168․am-ի հետ զրույցում ասել է իրանցի վերլուծաբան Ալի Սալամին։
Սա, նրա խոսքով, տրամաբանական է, քանի որ չեն ցանկանում ռեգիոնում այլ ուժերի ակտիվություն։ Այլ ուժեր ասելով, ըստ Սալամիի, նկատի ունեն Արևմուտքը։
Վերլուծաբանը հիշեցրել է, որ Իրանի դիրքորոշումն այս մասով հայտնի է, և Իրանը հայկական կողմի հետ իր բոլոր բանակցություններում, հրապարակային հայտարարություններում այդ մասին հայտնում է, որ տարածաշրջանում երրորդ ուժեր չպետք է լինեն։
«Այս ձևաչափն Իրանին հետաքրքիր է հենց այդ մասով։ Սա հնարավորություն կտա բոլոր հարցերը՝ և՛ քաղաքական, և՛ տնտեսական, ենթակառուցվածքային, քննարկել ռեգիոնալ ձևաչափում, այդ թվում՝ անվտանգային հարցերը, որն իր հերթին՝ կփակի Արևմուտքի համար հնարավորությունը՝ միջամտել տարածաշրջանային հարցերին։ Այդ մասին Իրանը սկսեց շատ ավելի ակտիվ խոսել, երբ հայտնվեցին տարածաշրջանում եվրոպացի դիտորդներ։ Հասկանալի է, որ ռեգիոնում կան անվտանգային խնդիրներ, ՀՀ-ն ունի մտահոգություններ, որոնք Իրանը կիսել է ու ՀՀ-ում հյուպատոսություն է բացել, ուղերձներ հղել, որին հաջորդել է դիտորդների մուտքը ռեգիոն։
Իրանը մշտապես խոսել է այս երևույթի ապակայունացնող ազդեցության մասին։ Եթե ռեգիոնում լինի լավ համագործակցություն և փոխըմբռնում, ռեգիոնալ անվտանգությունը կարող է ամրապնդվել հենց տարածաշրջանային ռեսուրսներով։ Այս հարցում կոնսենսուս ունեն Իրանը, Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, իսկ Հայաստանն ու Վրաստանը հեռավորություն են պահպանում կարծես, հաշվի առնելով Արևմուտքի հետ իրենց հարաբերությունները։ Սա է պատճառը, որ Թբիլիսին այն մերժել է ի սկզբանե, իսկ Երևանը, կարծում եմ, չի հրաժարվի, սակայն առավելապես կողմնորոշվում է դեպի Արևմուտք։ Հասկանալով Երևանի հարաբերություններն Անկարայի, Բաքվի և Մոսկվայի հետ, այս առաջարկն անում է Թեհրանը, սակայն մեծ հույսեր չկան, որ այս փուլում փորձերը՝ արդյունավետորեն կայացնել այս ձևաչափը, կհաջողվեն։ Դա նշանակում է, որ ամենակարևոր՝ Հայաստան-Ադրբեջան բանակցությունները ևս ռեգիոնալ ձևաչափերում չեն քննարկվի, այլ կբանակցվեն Արևմուտքում»,- ասել է վերլուծաբանը։