21/10/2023 19:53
«Վստահ եմ՝ մարդն իր ամբողջ կյանքի ընթացքում պետք է կրթվի»․ Մանասյան
ՄԻՊ գրասենյակը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, թե ինչ է ասել Անահիտ Մանասյանը՝ «Սոցիալական արդարությունը դպրոցում» ուսուցչական համաժողովի ժամանակ։
Հաղորդագրությունում նշված է․
«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է հոկտեմբերի 21-ից 22-ն անցկացվող «Սոցիալական արդարությունը դպրոցում» ուսուցչական երկրորդ համաժողովին, որի նպատակն է հանրային հարթակ հանդիսանալ հանրակրթական ուսումնական հաստատություններում սոցիալական արդարության ջատագովության, սոցիալական անարդարության պատճառների և դրսևորումների քննարկման, մանկավարժական առաջավոր փորձի և կրթական լուծումների տարածման համար՝ համախմբելով կրթության տեղական ու միջազգային դերակատարներին։
Ողջունելով մասնակիցներին՝ Պաշտպանն ընդգծել է միջոցառման կարևորությունը հմտությունների և գիտելիքների զարգացման միջոցով միջավայրի սոցիալական արդարությանը, համերաշխությանն ու հավասարությանը նպաստելու տեսանկյունից:
«Կրթությունն ինձ համար ունի առանձնահատուկ նշանակություն, քանի որ ինքս եմ դասավանդում և մշտապես սովորում: Վստահ եմ, որ մարդն իր ամբողջ կյանքի ընթացքում պետք է կրթվի ու կատարելագործվի: Կրթության պատշաճ համակարգի առկայությունը բացառիկ կարևորություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգի կենսագործման տեսանկյունից: Հասարակական և մարդու իրավունքների պաշտպանության համակարգերի հիմքում ընկած է համերաշխության գաղափարը, իսկ համերաշխությունն անհնար է առանց սոցիալական արդարության», -ասել է Անահիտ Մանասյանն իր բացման խոսքում:
Պաշտպանն արձանագրել է, որ այն միջավայրը, որն այսօր առկա է մեր հասարակությունում, ցավոք, այնքան էլ համերաշխ և հանդուրժող չէ, իր բնույթով ինչ֊որ տեղ նույնիսկ ագրեսիվ է:
«Դրա խորքային պատճառներն ու վերջիններիս լուծման ուղիներն առաջին հերթին թաքնված են հենց մեր կրթական միջավայրում: Խնդիրները վեր հանելու ուղղությամբ Պաշտպանը շարունակական աշխատանքներ է իրականացնում: Դրանցից է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ իրականացրած` բուլինգին առնչվող մեր համատեղ ծրագիրը, որի արդյունքների վերաբերյալ շուտով հանդես եմ գալու արտահերթ զեկույցով», - նշել է Պաշտպանը:
Ավարտելով ելույթը՝ Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին և մասնակիցներին այս կարևոր հարթակը ստեղծելու համար:
«Կրթության միջոցով համերաշխ հասարակական միջավայր ձևավորելու առումով չափազանց կարևոր, նույնիսկ առաջնահերթ է ձեր` ուսուցիչների դերը: Բացի գիտելիք փոխանցելուց, դուք բոլորի համար ունեք նաև մոդելային վարքագիծ։ Եվ այդ մոդելային վարքագիծն է նաև, որ կարող է էական դերակատարություն ունենալ համերաշխ ու հանդուրժող միջավայր ձևավորելու հարցում։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է այդ առումով առավելագույն պատասխանատվությամբ իրականացնի իր առաքելությունը», - հայտարարել է Պաշտպանը:
Համաժողովին մասնակցում են նաև ՄԻՊ առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդամները, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անահիտ Խաչատրյանը հանդես է գալու բանախոսությամբ և խոսելու է «Ուսուցիչ-ծնող արդյունավետ համագործակցությունը՝ ի նպաստ երեխայի լավագույն շահի» թեմայի շուրջ»։