21/10/2023 14:16
«Այդ զենքերը մեծ դեր են խաղացել ԼՂ-ում Ադրբեջանի ռազմական գործողություններում». Հայ դատի հանձնախումբը Իսրայելում ԱՄՆ հաջորդ դեսպանին կոչ է արել օգնել դադարեցնել իսրայելական զենքի վաճառքն Ադրբեջանին
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել Իսրայելում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ջեյքոբ Լյուին օգնել դադարեցնել իսրայելական զենքի վաճառքն Ադրբեջանին։
«Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը խնդրում է Իսրայելում ԱՄՆ հաջորդ դեսպանին Իսրայելի քաղաքականությունը համապատասխանեցնել ԱՄՆ հիմնական առաջնահերթություններին (ցեղասպանության կանխարգելում, տարածաշրջանային խաղաղություն, կրոնական խմբերի հարգանք) և դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին, ճանաչել Հայոց ցեղասպանությունը, կանխել ատելության հիմքով հանցագործությունները»,- ասվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրությունում:
Նշվել է, որ Ադրբեջանի զինանոցի մինչև 70%-ը ծագում է Իսրայելից, և որ այդ զենքերը, այդ թվում՝ ապօրինի կասետային զինամթերքը, հրթիռային համակարգերը և անօդաչու թռչող սարքերը, մեծ դեր են խաղացել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններում։
«Որպես հայ-ադրբեջանական հակամարտությունների կարգավորման գործընթացի կողմ՝ Միացյալ Նահանգները պատասխանատվություն է կրում ապահովելու, որ մեր ռազմական գործընկերները չխաթարեն խաղաղության երկարաժամկետ հեռանկարները՝ յուղ լցնելով տարածաշրջանային կատաղի կրակների վրա», - նշվել է հայտարարությունում: