21/10/2023 09:39
«Հրապարակ». Ադեկվատ իշխանության պարագայում կհայտարարվեր պերսոնա նոն գրատա
«Հրապարակ» թերթը գրում է. «Շուրջ 2 շաբաթ առաջ ադրբեջանաթուրքական մամուլը ողողված էր Հայաստանում ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Կավիտա Բելանիի անհեթեթ հայտարարությամբ. «Չկա վատ վերաբերմունքի մասին որեւէ տեղեկություն այն հայերի նկատմամբ, ովքեր լքել են Արցախը»: Ըստ մեր աղբյուրների՝ սույն տիկնոջը հրավիրել են ԱԳՆ եւ այդ հայտարարության վերաբերյալ «քննարկում» ունեցել։ ԱԳՆ-ից, ըստ էության, չհերքեցին մեր լուրը։
Մամուլի խոսնակ Անի Բադալյանն ասաց․ «Տեսաձայնագրությունը նայելով՝ կտեսնեք, որ ադրբեջանական կողմը համատեքստից կտրել էր UNHCR-ի ներկայացուցչի պատասխանը՝ տրված հարցին, ինչի կապակցությամբ մենք մեր մտահոգությունը հայտնել ենք UNHCR-ին: Վստահ եմ՝ տեսել եք, որ ՄԱԿ-ի մշտական համակարգողի գլխավորած պատվիրակության՝ Լեռնային Ղարաբաղ այցելության եւ զեկույցի վերաբերյալ ԱԳՆ-ն հայտնել է ՀՀ խիստ դժգոհությունը՝ հոկտեմբերի 4-ին ՄԱԿ պատվիրակության հետ ԱԳ նախարարի հանդիպմանը, ինչպես նաեւ հոկտեմբերի 2-ին՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների եւ միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Հավելեմ, որ ՄԱԿ բոլոր գործակալությունների հետ ՀՀ աշխատանքային քննարկումները, համագործակցությունը կրում են պարբերական բնույթ»։
Նկատենք, որ ադեկվատ իշխանության պարագայում սույն տիկինը կհայտարարվեր պերսոնա նոն գրատա եւ ամենասեղմ ժամկետում ստիպված կլիներ լքել Հայաստանը՝ գուցե նաեւ այդպես անփառունակ ավարտելով իր «դիվանագիտական» կարիերան»։