23/10/2023 16:21
Հայկական շատ ապրանքներ ՌԴ-ում այլևս մրցունակ չեն լինի. Իրան-ՌԴ մաքսատուրքերի զրոյացման հետևանքները
Ե՛վ ռիսկ է, և՛ հնարավորություն. Aysor.am-ի հետ զրույցում ասաց գյուղատնտես Հարություն Մնացականյանը՝ անդրադառնալով հայտարարությանը, թե Իրանը Ռուսաստանի հետ կզրոյացնի մաքսատուրքերը, իսկ նաև Հայաստանի և Բելառուսի հետ առևտրային գործառնություններում կանցնի ազգային արժույթով հաշվարկի, մաքսային սահմաններն էլ ամբողջությամբ բաց կլինեն այդ երկրներից ապրանքների ներմուծման համար։
«Թիվ մեկ ռիսկը կոնկրետ գյուղատնտեսության ոլորտում պայմանավորված է ԵԱՏՄ-ով։ Որպես ԵԱՏՄ անդամ երկիր՝ ՌԴ-ի հետ մենք համեմատաբար մրցունակ էինք մաքսատուրքերի հետ կապված։ Այսինքն՝ ՀՀ-ն ի տարբերություն Թեհրանի, մաքսատուրքեր չէր մուծում, և դա մեզ բավական առավելություն էր տալիս։ Հիմա գյուղատնտեսական մթերքի ներմուծման առումով մենք ռիսկային վիճակում ենք հայտնվում, քանի որ պարսկականը կառաջարկի մեզանից էժան գնով։ Նաև ջերմատնային մշակաբույսերի հետ կապված խնդիրներ կարող են լինել, որն առաջ էլ կար, հիմա էլ կա, ավելի է էժանանալու։ Ջերմատները պետք է արագ վերապրոֆիլավորվեն ու հասկանան՝ ինչն է Իրանում պակաս, այդ մշակաբույսերն աճեցնեն», - ասաց նա՝ նշելով, որ թեթև արդյունաբերության ոլորտը ևս այդ թվում է։
Հարություն Մնացականյանը հիշեցնում է՝ Իրանում էներգակիրների գինը նվազագույնը 10 անգամ էժան է։
Խոսելով ՀՀ-ի համար մաքսային սահմաններն ամբողջությամբ բացելու որոշումից՝ Մնացականյանն ասաց. «Մենք ընդհանրապես մրցունակ չենք Իրանի շուկա մտնելու համար։ Այսօր Հայաստանը չունի այնպիսի ապրանք, որ կարող է տալ Իրանին մրցունակ գնով։ ՀՀ-ից ներմուծվում է Իրան շատ քիչ քանակի ոչ ալկոհոլային գարեջուր ու հիմնականում հումք՝ ալյումին, երկաթ, և այլն, մնացածը ոչ պատրաստ ենք կարողանում տալ, առավել ևս գյուղմթերք երբևէ չենք կարողացել ներմուծել»։
Միաժամանակ նշեց, որ երկարաժամկետ կարող ենք աշխատել, օրինակ, ջրի շուկայում։ «Իրանն ունի շատ մեծ ջրի խնդիր, իր գյուղատնտեսությունը երբեմն կաղում է ջրի դեֆիցիտից, և եթե կարողանանք պայմանավորվել, որ այն գյուղատնտեսական արտադարանքը, որը շատ ջուր է պահանջում, իրենց մոտ չարտադրեն, այլ մեզանից պատվիրեն, արտադրենք, արտահանենք՝ հնարավոր տարբերակ է։ Կարծում եմ՝ Իրանի համար էլ շահավետ գործարք կլինի, ուղղակի դա պետական մակարդակի կարգավորման հարց է», - ասաց նա։
Հնարավորությունների մասին խոսելով՝ Հարություն Մնացականյանը նշեց, որ հնարավորություն կարող ենք ստանալ հումք ներկրելու։
«Այնտեղ շատ զարգացած է կենցաղային քիմիան, օրինակ՝ շամպունի հումք ներմուծենք, Ռուսաստանը էմբարգոների տակ է, շշալցնենք, բրենդավորենք և տվյալ բրենդով ռուսական շուկա մտնենք, տարբեր մաքրող միջոցներ․․․, Իրանում շատ զարգացած է, ուղղակի բրենդիգ արված չէ», - ասաց նա։
Ինչ վերաբերում է ազգային արտարժույթով առևտրին՝ ասաց, որ դա ձեռնտու է։ «Մենք կոնվերտացիա ենք անում դրամից դոլար, ապա դոլարից՝ ռիալ, տնտեսվարողը բավականին գումար է կորցնում, բայց երբ կարողանանք հայկական դրամով առևտուր անել, դա կօգնի տնտեսվարողին», - ասաց նա։