23/10/2023 20:18
Ալկոհոլը և թմրանյութերը առաջ են բերում սերմնաբջիջների շարժունակության արգելակում, շատացնում են դեֆեկտավոր բջիջները․ Սեքսապաթոլոգի խորհուրդները՝ երեխա ունենալ պատրաստվող զույգերին
Սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանը հղիություն պլանավորել ցանկացող զույգերին տալիս է ամենակարևոր խորհուրդը՝ պետք է խուսափել վնասակար սովորույթներից.
«Սպերմատոգենեզը՝ (սերմնաբջիջների առաջացման և ձևավորման պրոցեսը) իրենից ներկայացնում է բջիջների արագ կիսման և բազմացման գործընթաց, այն խիստ զգայուն է արտաքին վնասակար գործոնների նկատմամբ:
Ալկոհոլը և թմրանյութերը ինչպես ուղղակիորեն, այնպես էլ այլ օրգանների ֆունկցիան վնասելով, առաջ են բերում սերմնաբջիջների շարժունակության արգելակում, շատացնում դեֆեկտավոր բջիջների տոկոսային պարունակությունը:
Ծխախոտի ծուխը պարունակում է բազմաթիվ վնասակար նյութեր, հատկապես վերարտադրողական համակարգի համար վնասակար է համարվում ակրոլեինը: Ծխելը ազդում է սերմնաբջիջների ԴՆԹ-ի վրա և կարող է պատճառ հանդիսանալ պտղի մոտ զարգացման անոմալիաների:
Սպերմատոգենեզի ամբողջ գործընթացը տևում է մոտ 65-70 օր, ուստի հղիություն պլանավորելուց արդեն 3 ամիս առաջ խորհուրդ է տրվում հրաժարվել բոլոր վնասակար սովորույթներից»,-գրում է մասնագետը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն