23/10/2023 17:50
Նիկոլ Փաշինյանը Միխայել Ռոթի հետ «խաղաղության գործընթացն» է քննարկել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են կառավարությունից։
Հաղորդագրությունում նշված է․
«Վարչապետը ողջունել է պարոն Ռոթի այցը և կարևորել Հայաստանի և Գերմանիայի խորհրդարանների միջև համագործակցության և երկխոսության շարունակական զարգացումն ու ամրապնդումը: Նիկոլ Փաշինյանը Հայաստան-Գերմանիա և Հայաստան-ԵՄ փոխգործակցության համատեքստում ընդգծել է մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ առաջմղման անհրաժեշտությունը: Վարչապետն անդրադարձել է տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին:
Միխայել Ռոթը բարձր է գնահատել երկկողմ միջխորհդարանական կապերը և դրանց հետագա ամրապնդման վստահություն հայտնել: Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը դատապարտել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտման քաղաքականությունն ու տեղի հայության բռնի տեղահանությունը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, Հայաստանում Եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությանը, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»: