23/10/2023 15:11
Փոխվարչապետն ԱՄՆ ՄԶԳ կառավարչի տեղակալի հետ քննարկել է բռնահանված արցախցիների խնդիրները
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) կառավարչի տեղակալ Էրին ՄակՔիին: Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալ և գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լայտինենը և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջոն Ալելոն:
Այս մասին հայտնում են Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյան գրասենյակից։
Փոխվարչապետը, շնորհակալություն հայտնելով Հայաստան կատարած այցի համար, ներկայացրել է ԼՂ բնակչության բռնի տեղահանման արդյունքում ստեղծված իրավիճակը՝ մանրամասն անդրադարձ կատարելով տեղահանված բնակչության հիմնական կարիքներին և դրանց հասցեագրման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
Երկուստեք կարևորվել է առաջնային կարիքների հասցեագրմանը զուգահեռ երկարաժամկետ աջակցության արդյունավետ գործիքակազմի ներդրումը, մասնավորապես՝ զբաղվածության հասցեական ծրագրերի միջոցով։
Այս համատեքստում ընդգծվել է մասնավոր հատվածի հետ ակտիվ փոխգործակցության ապահովման կարևորությունը։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Էրին Մակքին վերահաստատել է ԱՄՆ ՄԶԳ պատրաստակամությունը՝ աջակցելու ԼՂ-ից տեղահանված անձանց կարիքների հասցեագրման աշխատանքներին:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև երկկողմ համագործակցության օրակարգային այլ հարցերի։