23/10/2023 21:51
Ոտնաթաթի սնկախտ․ Կանխարգելող միջոցներ
Ոտնաթաթի սնկախտերի հարուցիչը մանրադիտակային սնկիկն է, որն ախտահարում է ոտնաթաթի մաշկը և մատները։
Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է. հարուցիչն արտաքին աշխարհ է ընկնում մաշկի թեփուկների, փշրված եղունգների հետ։ Վարակվում են ավելի հաճախ ընտանիքում՝ հիվանդի գուլպաները, հողաթափերը, ներքնաշորը, ոտքերը լվանալու տարան, մկրատը և խնամքի այլ առարկաներ օգտագործելիս։ Հնարավոր է վարակվել լողավազանում, լոգարանում, եթե խախտվում են անձնական և հասարակական հիգիենայի կանոնները։ Նկատվում են վարակման դեպքեր պեդիկյուրի ժամանակ, եթե գործիքներն օգտագործելուց առաջ վարակազերծված չեն եղել։ Նախատրամադրող գործոններ են ոտնաթաթի քրտնոտությունը, հարուկները, մաշկի ամբողջականության խախտումները, ոտքերի երակների հանգուցավոր լայնացումները և այլն։
Սնկիկն ավելի հաճախ ներթափանցում է ոտնաթաթի, ներբանի, միջմատնային ծալքերի մաշկի մեջ, և առաջին ախտանշաններն արտահայտվում են այդ հատվածների մաշկի թեփոտմամբ, որոնք հաճախ հիվանդը կարող է չնկատել։ Թեփոտումը հետագայում փոխարինվում է տարբեր չափերի բշտիկներով, որոնք սկզբում լցված են լինում թափանցիկ, այնուհետև՝ պղտոր հեղուկով։ Բշտիկները միաձուլվում են և պատռվելով՝ առաջացնում բորբոքային կարմիր թաց հատվածներ, որոնք ուղեկցվում են ցավերով և քորով։ Մատների կողմնային մակերևույթների մաշկը սպիտակում է, փխրունանում և թիթեղիկների ձևով պոկվում, ծալքերի խորքում առաջանում է ճաք, որն ուղեկցվում է ցավերով, քորով։
Հետագայում բոլոր ախտանշանները մեղմանում են, մնում է միայն թեթևակի թեփոտումը։ Սակայն հիվանդությունը դեռևս չի բուժվում, սնկիկը շարունակում է ապրել մաշկի եղջերաշերտում։ Առանց բուժման հիվանդությունը դառնում է քրոնիկական։ Սնկիկներով ախտահարված եղունգները կորցնում են փայլը, ի հայտ են գալիս դեղին բծեր և զոլեր, եղնգաթիթեղիկները հաստանում են, փխրունանում և փշրվում։ Եղունգների փշրունքների, ինչպես նաև ոտնաթաթի և միջմատնային ծալքերի թեփերի մեջ պարունակվում են սնկիկների միցելների թելեր և սպորներ։
Սնկիկի առկայությունն ախտորոշում է բժիշկը։ Մաշկի թեփերի և եղունգների քերուկների մանրադիտակային հետազոտության ժամանակ հայտնաբերվում են սնկիկներ, իսկ սննդարար միջավայրերի վրա նրանց ցանքսն օգնում է որոշել սնկիկի տեսակը։
Անհատական կանխարգելման համար խորհուրդ Է տրվում չօգտվել ուրիշի կոշիկներից, ոտնաթաթի (հատկապես՝ միջմատնային ծալքերի և ներբանների) մաշկը չորացնել առանձին չոր սրբիչով։ Անհրաժեշտ է բուժել ոտնաթաթերի քրտնոտությունը։ Հասարակական կանխարգելման նպատակով պետք է ամեն օր մաքրել ու վարակազերծել բաղնիքի, ցնցուղարանի, մարզական դահլիճների գույքը, պեդիկյուրի և մանիկյուրի գործիքները։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն