24/10/2023 18:31
Բջջանքով հարուստ առողջ սննդակարգը կարող է կանխել դիվերտիկուլյար հիվանդության զարգացումը
Դիվերտիկուլյար հիվանդությունը աղեստամոքսային ուղու հիվանդություն է, որի ժամանակ հաստ աղու պատի վրա առաջանում է պարկանման արտափքում:
Այդ արտափքումները կամ գրպանիկները կոչվում են դիվերտիկուլներ և հաճախ որևէ գանգատ չեն առաջացնում: Դիվերտիկուլյար հիվանդությունը կապված է ցածր բջջանքով սննդակարգի հետ և ավելի տարածված է մեծ տարիքով առողջ մարդկանց շրջանում:
Դիվերտիկուլիտը զարգանում է, երբ հաստ աղիքի պատի վրա առաջացածա գրպանիկը՝ դիվերտիկուլը բորբոքվում կամ արտափքված պարկերից մեկում առկա բակտերիաներով վարակվում է: Հազվադեպ սա կարող է բերել բարդությունների, օրինակ՝ մոտակա միջգալարային թարախակույտի (աբսցես):
Դիվերտիկուլիտի ամենահաճախ հանդիպող ախտանիշը ցավն է, որը կարող է լինել թույլ կամ ուժեղ և սովորաբար ընդգրկում է որովայնի ձախ ստորին շրջանը:
Դիվերտիկուլիտի այլ ախտանիշներից են՝
Ջերմություն,
սրտխառնոց կամ փսխում,
աղիների դատարկման սովորույթի փոփոխություն, օրինակ՝ փորկապություն կամ փորլուծություն,
աղիների փքվածություն,
դիվերտիկուլյար արյունահոսության ժամանակ՝ արյուն կղանքում,
լորձային կղանք:
Ախտանիշները կարող են լինել թեթև կամ ծանր՝ կախված վարակի և բարդությունների տարածվածությունից: Այլ հիվանդություններ ևս, օրինակ՝ գրգռված աղու համախտանիշը, կարող են ընթանալ համանման ախտանիշներով:
Դիվերտիկուլիտն ախտորոշելու համար բժիշկը ձեզ հետ զրուցելուց և ձեզ զննելուց հետո կարող է նշանակել որոշ հետազոտություններ, օրինակ՝ կոլոնոսկոպիա, բարիումային ռենտգեն կամ որովայնի խոռոչի օրգանների համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ):
Եթե ունեք թեթև դիվերտիկուլիտ, բժիշկը ձեզ կնշանակի տնային պայմաններում անցկացվող համապատասխան բուժում, օրինակ՝ հակաբիոտիկներ կամ ըստ անհրաժեշտության՝ թույլ ցավազրկողներ: Բժիշկը նաև խորհուրդ կտա սննդում կրճատել բջջանքը կամ ժամանակավորապես անցնել միայն հեղուկ սննդատեսակների, որը աղիների համար կստեղծի որոշակի հանգիստ պայմաններ և կարող է նպաստել դրանց գործունեության վերականգնմանը:
Եթե դիվերտիկուլն այտուցված կամ վարակված չէ, ասում են, որ առկա է դիվերտիկուլոզ: Դիվերտիկուլոզով բազմաթիվ մարդիկ որևէ անհարմարավետություն կամ գանգատներ չեն նշում:
Թեև դիվերտիկուլոզի կամ դիվերտիկուլիտի պատճառն անհայտ է, բջջանքից աղքատ սննդակարգը բարձրացնում է դիվերտիկուլյար հիվանդության զարգացման հավանականությունը: Հակառակը, բջջանքով հարուստ սնունդն օգնում է փորկապության կանխարգելմանը, հետևաբար՝ դիվերտիկուլի ձևավորմանը: Խորհուրդ է տրվում նաև կանոնավոր վարժանքներ և բավարար քանակով ջրի ընդունում (օրական՝ 8 բաժակ):
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն