24/10/2023 16:11
Ֆրանսիան հասկացրել է, որ չի պատրաստվում մի կողմ քաշվել. Politico
Ֆրանսիան՝ Եվրոպայում ամենամեծ հայկական սփյուռք ունեցող երկիրը, հասկացրել է, որ չի պատրաստվում մի կողմ քաշվել. գրել է Politico պարբերականը՝ անդրադառնալով Ֆրանսիայի կողմից ՀՀ-ին զենք վաճառելուն։
Ըստ հրապարակման՝ Ֆրանսիան Հայաստանին վաճառում է այնպիսի ռազմական տեխնիկա, ինչպիսին հակաօդային պաշտպանության համակարգերն են, քանի որ կան մտավախություններ, որ Ադրբեջանը ԼՂ-ի գրավումից հետո, երբ ավելի քան 100 000 էթնիկ հայեր լքեցին իրենց տները, կարող է շարունակել հարձակումը նաև հարևան տարածքի վրա։
Politico-ն հիշեցնում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախազգուշացումը, որ Ադրբեջանը կարող է ծրագրել ներխուժել Հայաստան, որ Ադրբեջանի հայացքն այժմ ուղղված է «Զանգեզուրի միջանցքին», ցամաքային հատվածին, որն անցնում է Հայաստանի և Իրանի սահմանի երկայնքով: «Վտանգն այն է, որ Բաքվի ուժերի մեկ այլ քայլ կարող է ավելի լայն հակամարտություն բորբոքել Հարավային Կովկասում. մի տարածք, որտեղ Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը՝ բոլորն ունեն հիմնական ռազմավարական շահերը», - գրում է պարբերականը: