24/10/2023 22:52
Հակոբ Արշակյանը կարևորում է Լոնդոնում ՀՀ դեսպանության համար նոր շենքի ձեռքբերումը
ԱԺ-ից հաղորդագրություն են տարածել ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի և Միջխորհրդարանական միությունում ՄԹ պատվիրակության ղեկավար Քարեն Բրեդլիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման մասին։ Հաղորդագրությունում, մասնավորապես, նշված է․
«Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Միացյալ Թագավորության պատվիրակության ղեկավար Քարեն Բրեդլիի գլխավորած պատվիրակությանը:
ԱԺ փոխխոսնակն ընդգծել է Հայաստանի եւ Միացյալ Թագավորության հետ երկկողմ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը: «Մենք մեծապես կարեւորում ենք մեր երկրների օրենսդիր մարմինների միջեւ համագործակցությունը եւ ընդգծում երկու երկրների միջեւ միջխորհրդարանական կապերի հետագա ընդլայնման եւ ամրապնդման անհրաժեշտությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակներում»,- ասել է ԱԺ նախագահի տեղակալը:
Հակոբ Արշակյանը կարեւորել է Հայաստանի Հանրապետության դեսպանության նոր շենքի ձեռքբերումը, որի հանդիսավոր բացումը տեղի կունենա շուտով:
Հանդիպման ընթացքում հանգամանալից ներկայացվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, խոսվել Ադրբեջանի հարձակման հետեւանքով էթնիկ զտման ենթարկված եւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հարյուր հազարից ավելի հայերի խնդիրների եւ նրանց պատշաճ աջակցության ցուցաբերման մասին:
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ տարվող ագրեսիվ քաղաքականությանը, որի հետեւանքով օկուպացվել է Հայաստանի շուրջ 150 քառակուսի կմ տարածք: «Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ եւ այս հարցում ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը»,- նշել է ԱԺ նախագահի տեղակալը:
Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի կողմից առաջ քաշվող «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը՝ շեշտելով տարածաշրջանի խաղաղության համար ճանապարհային քարտեզի կարեւորությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային իրավիճակին, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ համագործակցությանը վերաբերվող մի շարք հարցեր:
Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակության կազմում են նաեւ պատգամավորներ Ծովինար Վարդանյանը եւ Արսեն Թորոսյանը»: