24/10/2023 10:27
Հայտնի է՝ ինչ սպառազինություն է Ֆրանսիան վաճառելու Հայաստանին
Ֆրանսիան օգնում է Հայաստանին բարելավել հակաօդային պաշտպանության կարողությունները։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Reuters գործակալությունը, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն՝ հայտնելով, որ Ֆրանսիան Հայաստանին կվաճառի երեք ռադար, ինչպես նաև ապագայում կմատակարարի Mistral հակաօդային պաշտպանության հրթիռներ, որի վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել կողմերի միջև։
Փարիզում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպումից հետո Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը նշել է, որ հակաօդային պաշտպանությունն առանցքային կարևորություն ունի։
Նշվում է, որ երկու նախարարները ստորագրել են Thales մակնիշի GM 200 3 հրթիռի վաճառքի վերաբերյալ, որոնցից Ֆրանսիան նաև Ուկրաինային է մատակարարել, ինչպես նաև փոխըմբռնման հուշագիր են ստորագրել ապագայում ֆրանսիական հակաօդային պաշտպանության փոքր հեռահարության Mistral հրթիռների մատակարարման վերաբերյալ։
Լըկորնյուն հայտարարել է, որ Ֆրանսիան նաև Հայաստանին կօգնի ցամաքային զորքերի վերապատրաստման և կաջակցի զինված ուժերը բարեփոխելու և արդիականացնելու երկրի ջանքերին։
Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը նշել է, որ հավատարիմ են Հայաստանի հետ պաշտպանական հարաբերություններին՝ չնայած այն հանգամանքին, որ երկու երկրները նույն ռազմական և քաղաքական միությունների անդամ չեն։ «Դա հիմնված է այն պարզ սկզբունքի վրա, որ դուք պետք է կարողանաք պաշտպանվել»,- հայտարարել է Լըկորնյուն Սուրեն Պապիկյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։