24/10/2023 15:16
«Ախր ողորմություն չեմ խնդրում». ծանր հիվանդ երեխային և մորը մերժել են 100 000-ները տալ, քանի որ Բելգիայում նույն անունով անձ է ապրում
Արցախից տեղահանված Հայկուհի Մկրտչյանը և նրա 11-ամյա տղան, որը ծանր հիվանդություն և հաշմանդամություն ունի, պետական աջակցության միանվագ 100 000 դրամները դեռևս չեն ստացել։ Aysor.am-ի հետ զրույցում Հայկուհին նշեց` մերժման պատճառն այն է, որ տվայլների համակարգում ցույց է տալիս նույն անուն ազգանունով մեկը Բելգիայում է։
«Անձնագրով ես բոլոր ինձ անհրաժեշտ գործարքները կարում եմ անել, ուղղակի հենց այդ ծրագիրն է ինձ մերժում։ Ուրիշ խնդիր ցույց չի տալիս, ամեն տեղ իմ գրացումը կա, է՛լ գերատեսչություն, է՛լ մարզպետարան, քաղաքապետարան, ուղղակի այդ համակարգն ինձ նման ինչ-որ մեկին ուրիշ երկրում գտել է։ Իրականում այդ անձը ինձ նման էլ չի, նա սև մազերով է, սև աչքերով, ես շեկ եմ... հետո ինչքան էլ նման լինի, ախր անձնագիրը իմ մոտ է, դա երկու օրում կարող էին լուծել, ընդամենը ծրագրից հանեն այդ տվյալները ու վերջ։ Ես աշխատել եմ, դա այնքան արհեստական հարց է, որ կարող են զանգել գյուղապետին, մեր գյուղում բոլորն իրար գիտեն», - ասաց նա։
Հայկուհի Մկրտչյանը նշեց, որ հիվանդ երեխայի հետ դժվար է դռնեդուռ ընկնել, անվերջ զանգեր կատարել ու անարդյունք։
«Սկզբից ասացին, որ նմանակում է, շուտով կլուծվի, բայց ամիսուկես է՝ դեռ էտ հարցը չի լուծվում։ Ուր գնում եմ, ասում են՝ դիմումի կարգ գոյություն ունի, է՜ս, է՜ն, ես էլ ասում եմ՝ իմ հետ էլ հիվանդ երեխա գոյություն ունի։ Ես ախր իրենցից ոչ մեկից ողորմություն չեմ խնդրում, իմ հասանելիքն եմ պահանջում։ Ինձ առավել քան այդ գումարը պետք է։ Հազար տեղ եմ զանգել, սկզբից ասեցին՝ մեր գործը չի, հետո փաստաբանի հետ խոսեցի, ասեցին՝ միգրացիոնն ու սոցապը պետք է հարցը լուծեն։ Գնում եմ այնտեղ, ասում են՝ մեր գործը չի, բայց կանենք, սոցապ եմ գալիս․․․, չգիտեմ, այնպիսի տպավորություն է, որ աշխատում են, բայց ոչ մեկ չգիտի իր անելիքը։ Ես, գուցե, անշնորհակալ մարդու տպավորություն թողնեմ, որ ես ստեղի ոչ մի բանից գոհ չեմ, բայց որ տեսնեն իմ հուսահատությունը, ոնց են անվերջ ձգձգում, երևի կհասկանան», - ասաց նա։
Հայկուհին ասաց, որ ինքը մշտապես բնակվել է Արցախի Մարտակերտի շրջան Վերին Հոռաթաղում, հիմա Չարենցավանում են գտնվում։ «Դեռևս տուն էլ չենք գտել, ծանոթի ժամանակավոր կացարանում ենք տեղավորվել. 12 հոգի ենք․ քույրս՝ իր ընտանիքով, մամաս ու ես՝ իմ ընտանիքով։ Ամուսինս ստացել է գումարը, ո՛չ ես, ո՛չ էլ երեխան չենք ստացել, քանի որ երեխայի տվյալներն իմով պետք է լրացնեն», - ասաց նա։
Մայրը նշեց, որ Չարենցավան են եկել, քանի որ երեխայի համար, եթե շտապօգնություն կանչեն, շուտ պետք է հասնի. «Դրա համար գյուղեր չենք կարա գնանք... Հիմա չի՞ կարող իմ անուն ազգանունից այլ մարդ էլ լինի, գյուղի կեսը իմ ազգանունն ունի, բայց չի նշանակում, որ իրենց հետ հարազատ եմ։ 4-5 ընտանիք կա այդ ազգանունով, նրանց հետ ես ի՞նչ կապ ունեմ՝ ոչ մի կապ։ Ախր խնդիրն այն է, որ այդ անուն ազգանուն կրողը հայրանուն էլ չունի, ասեցի՝ բա ես առանց հայրանունի՞ մարդ եմ, անձնագիրս նայի․ հայրս զոհված է, մահվան թուղթը կարող եմ ներկայացնել։ Իմ ծննդականը չեմ հասցրել վերցնել՝ տանն է։ Մենակ հասցրել եմ հիվանդ երեխուս հանեմ, իմ անձնագիրն է, երեխու անձնագիրը ու սոցքարտը, մեկ էլ երեխու բժշկի թղթերն եմ վերցրել, հազիվ՝ իրա դեղերն ու սպրիչները, ուրիշ բան չեմ կարողացել վերցնել։ Մենք ժամանակ չունեինք, Ստեփանակերտի նման, որ 5 օր տունը մնայինք, հանգիստ հավաքվեինք․․․, վռազ ով ինչ վերցրել է՝ վերցրել է»։
Հարցին, թե որևէ օգնություն ստացե՞լ են՝ Հայկուհին ասաց, որ սկզբում՝ եկած օրերին մի քիչ ուտելիք են տվել, բայց հիգիենայի պարագաներ ընդհանրապես չի եղել։
«Երկու անգամ ենք ստացել քաղաքապետարանից, կարելի է ասել, մենք ենք առնում, թե չէ իրենց, եթե սպասենք, սոված պետք է նստենք», - ասաց նա։
Հայկուհի Մկրտչյանը նշեց, որ երեկ կրկին սոցապ է գնացել, ասել են՝ ևս 10 օր սպասեք, եթե չլինի՝ կզանգեք։
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Զարուհի Մանուչարյանը Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ հարցին ծանոթ են, բայց իրենք ուղղորդել են Միգրացիայի ծառայություն։ «Մեր կողմից գումարը փոխանցվում է՝ համադրելով Միգրացիայից ստացված տվյալներով․ անձը հաշվառվա՞ծ է, թե՞ ոչ։ Ինչպես նաև ԿԲ-ից ենք ստանում տվյալ՝ անձն ո՞ւնի քարտ, թե՞ ոչ։ Դրա համադրմամբ Միասնական սոցիալական ծառայության կողմից գումարը փոխանցվում է։ Այսինքն, եթե կա գրանցման և հաշվառման հետ խնդիր, Միգրացիոն ծառայությունը պետք է պարզաբանի», - ասաց նա։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից դեռևս չհաջողվեց պարզաբանում ստանալ։