24/10/2023 22:34
Մոլդովայում արգելափակել են 22 ռուսալեզու լրատվական կայքերի հասանելիությունը․ ՌԴ ԱԳՆ տեղի ունեցածը բացահայտ թշնամական քայլ է որակում
Հոկտեմբերի 24-ին Մոլդովայի տեղեկատվության և անվտանգության ծառայությունը որոշել է արգելափակել 22 ռուսալեզու լրատվական հարթակների հասանելիությունը երկրում՝ նշելով, իբրև դրանք «օգտագործվում են Մոլդովայի Հանրապետության դեմ տեղեկատվական պատերազմում»։
ՌԴ ԱԳՆ այս քայլը թշնամական է որակել։ Այդ մասին նշված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությունում։
«Ռուսաստանի նկատմամբ այս բացահայտ թշնամական քայլը պաշտոնական Քիշնևի որդեգրած հակառուսական կուրսի հերթական դրսևորումն է։
Ռուսալեզու լրատվական կայքերին հասանելիության արգելափակումը Մոլդովայի իշխանությունների կողմից խոսքի ազատության և իրենց քաղաքացիների՝ ռուսերենով տեղեկատվություն ստանալու իրավունքի կոպտագույն խախտում է»,- նշված է Զախարովայի մեկնաբանությունում, որտեղ ընդգծվում է նաև այն հանգամանքը, որ մոլդովացիների ճնշող մեծամասնությունը տիրապետում է ռուսերենին։
Ռուսաստանի արտգործնախարարությունում նշել են նաև, որ այս քայլով պաշտոնական Քիշինևը հերթական անգամ ի ցույց է դնում, որ իր համար առաջնային է արևմտյան հովանավորների թելադրանքը, ոչ թե սեփական ժողովրդի շահը։
«Անկասկած, այդ երկրի քաղաքացիները համապատասխան գնահատական կտան առաջնահերթությունների նման դասակարգմանը»,- նշված է Մարիա Զախարովայի մեկնաբանությունում։