25/10/2023 22:00
Բարտոլինյան գեղձի կիստա. Հազվադեպ, բայց կարող է նաև քաղցկեղի նշան լինել
Բարտոլինյան կիստան հեշտոցի նախադռան՝ Բարթոլինյան գեղձերի ծորանների խցանման արդյունքում առաջացող խնդիր է։
Բարտոլինյան գեղձերը գտնվում են հեշտոցամուտքի երկու կողմերում: Երբեմն այդ գեղձերի բացվածքները (ծորանները) խցանվում են, որի հետևանքով արտադրված հեղուկը ոչ թե արտազատվում է դեպի հեշտոցամուտք, այլ նորից մտնում է գեղձի մեջ: Նման իրավիճակում առաջանում է համեմատաբար անցավ այտուց, որը կոչվում է բարտոլինյան գեղձի կիստա: Եթե կիստայի ներսում հեղուկը վարակվում է, կարող է զարգանալ թարախի կուտակում, որը շրջապատված է բորբոքված հյուսվածքով (թարախակույտ կամ աբսցես):
Բարտոլինյան գեղձի կիստան կամ թարախակույտը տարածված խնդիր է: Բուժումը կախված է կիստայի չափից, ցավոտությունից և վարակված լինելուց:
Երբեմն տնային բուժումն այն ամենն է, ինչ հարկավոր է հիվանդին: Այլ դեպքերում անհրաժեշտ է վարակված կիստայի վիրաբուժական արտահոսքի ստեղծում (դրենավորում): Վարակված կիստայի դեպքում հակաբիոտիկները նույնպես կարող են օգտակար լինել:
Եթե ունեք բարտոլինյան գեղձի փոքր, չվարակված կիստա, կարող եք և չնկատել խնդիրը:
Կիստան սովորաբար ինքնին ցավոտ չէ, սակայն կարող է դիպչելիս ցավոտ լինել:
Բարտոլինյան գեղձի կիստայի տարածուն վարակ կարող է զարգանալ մի քանի օրվա ընթացքում:
Եթե կիստան վարակվում է, նշվում են հետևյալ ախտանշանները՝
լարված, ցավոտ գոյացություն հեշտոցամուտքի մոտ,
անհարմարավետություն կամ ցավ՝ քայլելիս կամ նստելիս,
ցավ սեռական հարաբերության ժամանակ,
ջերմություն:
Բարտոլինյան գեղձի կիստան կամ թարախակույտը սովորաբար առաջանում է հեշտոցամուտքի միայն մի կողմում:
Թեև հազվադեպ, բայց ման գոյացությունը կարող է նաև ավելի լուրջ խնդրի նշան լինել, ինչպիսին է քաղցկեղը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն