25/10/2023 12:42
Կամիլ Թոման միանում է Սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությանը՝ հաջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-ի և արցախցի երեխաների
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 19։30-ին‚ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է Արամ Խաչատրյան համերգասրահ՝ ներկա գտնվելու «Էնիգմա» խորագրով համերգին։ Ծրագրում ներառված են 19-20-րդ դարերի անգլիացի մեծ կոմպոզիտոր Էդվարդ Էլգարի ստեղծագործությունները՝ «Երազանքի երեխաներ», Թավջութակի կոնցերտ և «Էնիգմա» վարիացիաներ։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Էլգարն անգլիական առաջին սիմֆոնիայի հեղինակն է‚ անգլիական սիմֆոնիզմի հիմնադիրը։ Կոմպոզիտորի «Էնիգմա» վարիացիաները համարվում է անգլիական երաժշտական ռոմանտիզմի գագաթնակետը։
Էլգարի՝ չորս մասից բաղկացած Թավջութակի կոնցերտը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կկատարի նվագախմբի ռեզիդենտ արտիստ‚ թավջութակահար Կամիլ Թոման։ Լավատեսությունը, ուրախ եռանդը բնութագրում են թավջութակահարուհու հարուստ ու գրավիչ անհատականությունը։
Ցանկանալով իր գեղեցիկ երաժշտության միջոցով օգնել կարիքի մեջ գտնվող երեխաներին՝ Կամիլ Թոման 2020 թվականին ձայնագրել է իր «Ձայներ՝ հանուն հույսի» ալբոմը՝ հաջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-ի:
Խորհրդանշական է Կամիլ Թոմայի ելույթը Հայաստանում։ Այս համերգով թավջութակահարուհին միանում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությանը‚ որն ուղղված է հաջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-ի։ Սիմֆոնիկ նվագախմբի առաջիկա ամիսների համերգներին հնարավորություն կընձեռվի ունկնդիրներին‚ բարեգործներին‚ նվագախմբի գործընկերներին իրենց նվիրատվությունների միջոցով հոգալու արցախցի երեխաների ամենաառաջնային կարիքները և նպաստելու նրանց մատուցվող սոցիալ-հոգեբանական, առողջապահական, երեխաների պաշտպանության, վաղ մանկական կրթական և այլ ծառայությունների հասանելիությունը: Նվագախմբի համերգների տոմսերի արժեքը նվազագույնի են հասցվել, ինչի շնորհիվ հնարավորություն կտրվի ավելի ու ավելի շատ հանդիսատեսի գալ համերգների ու տեղում կատարել նվիրաբերություն։