25/10/2023 11:55
Միգրացիոն ծառայությունն արձանագրված մուտքերից ավելի շատ Արցախից բռնի տեղահանվածների է հաշվառել
Միգրացիոն ծառայությունն արդեն իսկ հաշվառել է արձանագրված մուտքերից 1216-ով ավելի շատ տեղահանվածների. Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը։
«Մուտքերի տվյալների համաձայն՝ հաշվառվել է 100 632 Արցախից բռնի տեղահանված անձ, իսկ մենք արդեն շատ ավելի մեծ թվով անձանց ենք հաշվառել։ Դա նշանակում է, որ մենք այստեղ բացթողում ունենք։ Հոկտեմբերի 17-ի դրությամբ 101 848 անձ հաշվառել ենք», - ասաց նա։
Ըստ Դավթյանի՝ միանվագ 100 000 դրամները տեղահանված անձանց փոխանցելու ստուգման գործիքներն առանց այդ էլ քիչ են։
«Գիտեք, որ ԼՂ-ից դեպի ՀՀ կամ հակառակ ուղղությամբ որևէ ստուգման մեխանիզմ, արձանագրում, որևէ նշում անձնագրում և այլ տեսակի գործիքներ չունենք, որպեսզի արձանագրենք, թե երբ է եկել քաղաքացին։ Դրա համար մենք մի քանի ֆիլտրեր ենք կիրառում, օրինակ՝ ստուգում ենք, որ տվյալ քաղաքացին, որն իր տվյալները թողել է որպես տեղահանված անձ, արդյո՞ք ՀՀ-ում, ենթադրենք, ավտոմեքենայի առքուվաճառք չի ունեցել։ Արդյունքում հազարին հասնող ու գերազանցող դեպքեր ենք հայտնաբերում, որ ունեցել են։ Եթե շրջափակման ամիսներին քաղաքացին այստեղ ունեցել է առքուվաճառքի գործարք, ակնհայտ է, որ ինքը չի տեղահանվել սեպտեմբերի 19-ից հետո, որովեհտև շրջափակման ամիսներին չէր կարող ազատ ելումուտ անել և գործարքներ անել», - ասաց նա։
Բացի այդ՝ խոսնակն ասաց, որ նույնը համադրում են նաև ՊԵԿ-ի հարկերի, տուրքերի շտեմարանների հետ, կամ ԿԳՄՍՆ ուսանողների, դպրոցահասակների շտեմարանների հետ։ «Ձեռքի տակ եղած որոշակի գործիքներ ենք կիրառում, որպեսզի կարողանանք ֆիլտրել», - ասաց նա։
Նշենք, որ կառավարության որոշմամբ՝ Լեռնային Ղարաբաղից յուրաքանչյուր բռնի տեղահանված քաղաքացու՝ և՛ երեխաներին, և՛ մեծահասակներին, տրամադրվում է 100 000 դրամ միանվագ դրամական աջակցություն: