25/10/2023 17:06
ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ կտրվի՝ ընդունելով նրանց որպես փախստական. Փաշինյան (Տեսանյութ)
Արցախից բռնի տեղահնված մեր հայրենկիցները ինչպիսի՞ կարգավիճակ ունեն. ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
«Ինչո՞ւ օրենքով կառավարությունը չի ստանձնում ծրագրային կայուն աջակցության պարտավորություններ արցախցիների համար և փոխարենն անում եք կառավարության որոշումներով անհասկանալի պարբերականությամբ», - հարցրեց նա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասախանեց, որ իրավական կարգավիճակը կարևոր օրակարգ է։ «Կառավարության վաղվա նիստում կընդունվի համապատասխան որոշում, որով ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին կտրվի ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ»,-ասաց նա։
Վարչապետը նշեց, որ նախագծով արձանագրվում է ԼՂ-ից տեղահնվածների փախստական լինելու հանգամանքը։ «Որպեսզի և՛ տեղական, և՛ միջազգային առումով նրանց իրավունքները պաշտպանելու հնարավորություններն ավելի ընդլայնվեն»,-ասաց նա և հավելեց, որ արցախցիները կունենան հնարավորություն՝ դիմելու ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, և իրենք հնարավորինս արագ ձևերով այդ հարցերը կլուծեն։