25/10/2023 17:55
Հանդիպում նախատեսված է, բայց հոկտեմբերին այն չի կայանա. Ալիևը դեռ չի հաստատել իր մասնակցությունը. Փաշինյան (Տեսանյութ)
Նման հանդիպում նախատեսված է, բայց հիմա փաստն այն է, որ հոկտեմբերին դա չի կայանա, ենթադրում եմ՝ պատճառն այն է, որ Ադրբեջանի նախագահը չի հաստատել իր մասնակցությունն այդ հանդիպմանը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև ավելացրեց, որ հիմա կան աշխատանքային մանրամասներ, որոնց մասով առաջիկա օրերին եվրամիության գործընկերներից կփորձեն պարզաբանումներ ստանալ.«Իհարկե, շատ հարցերի պատասխաններ ունենք, բայց նաև չէի ցանկանա շտապել, այդ ամենի վերաբերյալ պարզաբանում հայտնել։ Ուզում եմ ձեր ուշադրությունը դարձնել այն հանգամանքի վրա, որ Եվրամիության խորհրդի նախագահի հայտարարության մեջ արձանագրված են այն երեք կարևոր սկզբունքները, որոնց հիման վրա պայմանավորվել ենք, որ տեղի ունենա խաղաղության գործընթացը և կնքվի խաղաղություն։
Դրանից առաջինը ՀՀ-ի և Ադրբեջանի փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելն է, երկրորդը, որն ավելի կոնկրետ է, Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանների դելիմիտացիայի իրականացումն է և որ տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը պետք է տեղի ունենա երկրների սուվերենության հիման վրա։ Մենք խաղաղության գործընթացում պատրաստ ենք առաջ գնալ և մեր նախկին հայտարարություններում այս մասով ոչինչ չի փոխվել»։