25/10/2023 16:27
Դիտավորյալ են Վիկտոր Համբարձումյանի արձանն այնպիսի դիրքից նկարել, որ կարճ երևա, գցեն համացանց ու ինքնահաստատվեն. Քանդակագործ
Ակնհայտ երևում է, որ դիտավորյալ են այնպիսի դիրքից նկարել, որ արձանը կարճ երևա, գցեն համացանց ու ինքնհաստատվեն. Aysor.am-ի հետ զրույցում ասաց Վիկտոր Համբարձումյանի արձանի հեղինակ, քանդակագործ Գեղամ Բեկջանյանը՝ անդրադառնալով համացանցում տարածված բացասական արձագանքներին։
Հեղինակը նշեց, որ արձանն իր չափսերով փոքր չէ։ «Նկարով, եթե նայում եք՝ փոքր է, բայց եթե մասնագիտական ասեմ՝ համարյա 1,2 ֆիգուր է, այսինքն՝ նատուռա չէ, ինքն ավելին է նատուռայից», - ասաց նա։
Դիտարկմանը, թե գուցե պատվանդանի սխալ չափերի պատճառո՞վ է, որ արձանը փոքր է երևում, Բեկջանյանը նշեց, որ ամեն ինչ հնարավոր է։ «Այս պահին կոնկրետ բան չեմ կարող ասել, բայց ավելի շատ ֆոտոյի խնդիրն է, դիտավորյալ է այդպիսի նկար գցած, պրապորցիաներով նորմալ է, մասնագետներ են եկել, տեսել։ Մեր հասրակությունը սիրում է զբաղմունք գտնել, ինքնահաստատվել։ Եթե նկատել եք, բոլոր քանդակներն այսպես են ընդունվում, սրանից առաջ Դեմիրճյանինն էր..., դե, պետք է խոսեն», - ասաց նա և հավատացրեց՝ եթե բացմանը ներկա լինենք՝ աչքին անսովոր տեսարանի, միանշանակ, ականատես չենք լինի։
Վանաձորի համայնքապետարանից Aysor.am-ի հետ զրույցում ասացին, որ այս տարի Վանաձորում իրականացվել է Վիկտոր Համբարձումյանի անվան հրապարակի հիմնանորոգումը, և քանի որ հոբելյանական տարի է և լրանում է Վիկտոր Համբարձումյանի 115-ամյակը, նաև դրվել է նրա արձանը։ Ընդհանուր սուբվենցիոն ծրագրով է արվել։