25/10/2023 22:42
Անվտանգային ոլորտի մեր հարաբերությունները պետք է դիվերսիֆիկացնենք․ Փաշինյան
The Wall Street Journal-ին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ ՀԱՊԿ-ը անհրաժեշտ գործողություններ չի կատարել Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի ժամանակ, և դա, նրա խոսքով, հիասթափեցնող է։
«Նաև Ռուսաստանի հետ մենք անվտանգության ոլորտում երկկողմ պայմանագիր ունենք, և այդ պայմանագրում նկարագրված գործողությունները նույնպես տեղի չեն ունեցել, ինչը նույնպես շատ լուրջ հարցեր է առաջացրել»,- ասել է Փաշինյանը։
Այս ամենը, նրա խոսքով, «հարաբերությունները դիվերսիֆիկացնելու» անհրաժեշտություն է առաջացրել։
«Ավելի ճիշտ և անկեղծ կլինեմ, եթե ասեմ, որ ահա այս իրադրությունները, ըստ էության, մեզ բերել են մի որոշման, որ մենք պետք է մեր անվտանգային ոլորտի մեր հարաբերությունները դիվերսիֆիկացնենք: Եվ մենք հիմա փորձում ենք դա անել»,- հայտարարել է Փաշինյանը:
Ինչ վերաբերում է Հայաստանում ռուսական ռազմաբազաների ներկայությանը, ապա դրա առավելությունները Փաշինյանի համար տեսանելի չեն։
«Իմ նկարագրած դեպքերի շրջանակներում մենք դրա առավելությունները, ցավոք, չենք տեսել»,- ասել է նա։
Նշանակու՞մ է արդյոք սա, որ Ռուսաստանից պահանջելու են հանել ռազմաբազաները Հայաստանից։ Հարցադրմանը Փաշինյանը պատասխանել է․
«Մենք նման հարց չենք քննարկում: Մենք հիմա ավելի շատ քննարկում ենք այլ հարցեր, փորձում ենք հասկանալ, թե ի՞նչն է նման իրադրության պատճառը, և, իհարկե, նաև կարծում եմ՝ սա Հայաստանի և Ռուսաստանի, Հայաստանի և ՀԱՊԿ միջև աշխատանքային քննարկումների օրակարգ կլինի»: