25/10/2023 09:35
«Ժողովուրդ». Հայկ Մարությանը երդվել է 900 հազար դրամով, իսկ գործող քաղաքապետը՝ 87 մլն դրամով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանցիների 9 տոկոս ձայներով ՔՊ-ն, մայրաքաղաք Երևանում իշխանություն վերցնելով, խրվել է կոռուպցիայի մեջ: Այդ մասին են վկայում հենց պաշտոնական տեղեկությունները: Հայտնի է, որ 87 մլն 318 հազար ՀՀ դրամ կամ մոտ 220 հազար ԱՄՆ դոլար է ծախսվել Երևանի քաղաքապետի երդմնակալության համար:
Այն, որ ծախսված աստղաբաշխական թվերը դարձել են ամենաքննարկվող թեման մեր երկրում, բնական է, քանի որ պատմական ռեկորդ էր այդքան գումար ծախսելը արարողակարգային մի միջոցառման վրա:
Քաղաքապետարանից մեզ տեղեկացրին, որ միջոցառման կազմակերպիչը և պատասխանատուն Շավարշ Գրիգորյանն է՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի քարտուղարը և ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը: «Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում ուղարկեց Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով տրամադրել տեղեկություն, թե նախկին քաղաքապետ, նախկին հեղափոխական Հայկ Մարությանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 13-ի երդմնակալության արարողության համար որքան գումար է տրամադրվել, և ինչպես է ծախսվել գումարը:
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը բավականին օպերատիվ պատասխանել է մեր հարցմանը՝ տեղեկացնելով՝ Հայկ Մարությանի երդմնակալության համար համայնքային բյուջեից ծախսվել է 900 հազար ՀՀ դրամ հյուրասիրության համար: Թվերն, իհարկե, անհամեմատելի են. նույն միջոցառումը 2018-ին կազմակերպել է Հայկ Մարությանը՝ ծախսելով 900 հազար ՀՀ դրամ, իսկ գործող քաղաքապետի երդման համար համայնքային բյուջեից 87 մլն 318 հազար ՀՀ դրամ է ծախսվել»։