26/10/2023 18:34
«Նրան են ներկայացվել հակառուսական արշավի շրջանակում տեղ գտած ամենազազրելի հրապարակումները»․ Ռուսաստանում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ
Հոկտեմբերի 24-ին ՀՀ-ում ՌԴ դեսպանը հրավիրվել էր ՀՀ ԱԳՆ, որտեղ նրան բողոքի հայտագիր էին հանձնել՝ ռուսական հեռուստաեթերով Հայաստանի վարչապետին քննադատող հաղորդման հեռարձակման առնչությամբ։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր հայտնել է, որ հոտեմբերի 25-ին էլ Ռուսաստանում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարն է կանչվել ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան մտահոգություն են հայտնել հայկական զանգվածային լրատվության միջոցներով հակառուսական արշավի կապակցությամբ։
«Նրա ուշադրությունն է հրավիրվել ամենազազրելի հրապարակումների վրա՝ ուղղված Ռուսաստանի ղեկավարությանը, ռուս դիվանագետներին և, ի դեպ, ռուս խաղաղապահներին, ովքեր վտանգում և զոհում են իրենց կյանքը, այդ թվում՝ Հայաստանի ժողովրդի անվտանգության համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
«Ընդգծվել է Հայաստանի տեղեկատվական տարածքում, ներառյալ՝ իշխանությունների կողմից վերահսկվող Հանրային հեռուստաընկերությամբ ու ԶԼՄ-ներով, տելեգրամյան ալիքներով հակառուսական անսանձ արշավի անընդունելիությունը։ Համոզված եմ՝ հայկական կողմը հասկանում է՝ ինչի մասին է խոսքը։ Ես նկատի ունեմ ոչ միայն ժամանակավոր հավատարմատարին, որին ներկայացվել են համապատասխան նյութերը, այլև լայն հասարակությանը նունպես»,- այս առնչությամբ հավելել է Մարիա Զախարովան։