26/10/2023 17:08
Լափամանի մասին գոռացողները մի բան կերա՞ն, այսքան կորստից ու ողբերգությունից հետո հիմա կու՞շտ են. Դավիթ Ամալյան (Տեսանյութ)
Իհարկե, նախկինում խնդիրներ եղել են, բայց 2018 թվականին հակապետականների իշխանության գալը պետության վերջն էր, հետևանքները տեսնում ենք, ես հույս ունեմ, որ գոնե Հայաստան կունենանք։ Ցավալի վիճակում ենք՝ ոչ թե որովհետև թշնամին է շատ ուժեղ, այլ որովհետև ներքին թշնամիներ ունենք։ Արժեքների խեղաթյուրումը, նյութապաշտությունը ներքին թշնամիների ջանքերն են, կուլմինացիան «Արցախը տանք, որ լավ ապրենք»-ն էր։ Այդ թեզով տարված մարդկանց ես կենսաբանական մարմին եմ համարում, որ որոշակի տարածք են զբաղեցնում,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է ՀՀ վաստակավոր արտիստ, 44-օրյա պատերազմում զոհված Վարդան Ամալյանի հայրը՝ Դավիթ Ամալյանը։
«Չգիտես ինչու՝ բոլորին թվում էր, որ այսպես կոչված հեղափոխությունից հետո բոլորը դառնալու են օլիգարխներ, հետաքրքիր է՝ լափամանի մասին գոռացողները, որ առանց հասկանալու կրնկում էին իրենց առաջնորդին, մի բան կերա՞ն, այսքան կորստից ու ողբերգությունից հետո հիմա կու՞շտ են։
Կարևոր է, որ մարդիկ հասկանան, որ ծնունդից մահ ժամանակահատվածը պետք է ապրել մտավորականի նման, մտավորականությունը գործունեություն չէ, ապրելակերպ է. նկարելով, երգելով, նվագելով մտավորական չեն դառնում, մտավորականությունը տառապանքից չխուսափելն է, մասնագիտություն չէ։
Իմ մարտական ընկեր Էդգարը բոլոր պատերազմներին մասնակցել է, հիմա ինքը մտավորակա՞ն է, թե՞ ոչ։ Այնքան շատ նվագողների ու նկարողների գիտեմ, որ անհաղորդ են մեր շուրջը կատարվող ողբերգությանը։ Իհարկե, հուսադրող է, որ դեռ իրական մտավորականների տեսնում ենք, ինչպես օրինակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը։ Խոսում ենք, զգում եմ, որ Արցախ բառն արտաբերելիս կոկորդը սողմվում է հուզմունիքց, այդ մարդը համաշխարհային մակարդակի մտավորական է, Եվրոպայում է ապրում, բայց հայրենիքի ցավն ու տառապանքը չի օտարում»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում