26/10/2023 17:55
ՀԱՊԿ առաքելության փոխարեն ՀՀ ղեկավարությունը ԵՄ առաքելությանը հրավիրեց, որը մոնիտորինգի անվան տակ՝ հետախուզական տվյալներ է հավաքագրում Ռուսաստանի և Իրանի դեմ․ Զախարովայի արձագանքը Փաշինյանին
Արևմտյան ԶԼՄ-ների հարցերը, որոնք ուղղվում են Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչներին, իրենց բնույթով սադրիչ են և ուղղված են Մոսկվայի և Երևանի բազմակողմ կապերին առավելագույն վնաս հասցնելուն, կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով նախօրեին The Wall Street Journal-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցին։
«Մեզ էլ են հաճախ սադրիչ հարցեր ուղղում, բայց մենք նախընտրում ենք պատասխանել, որ Հայաստանի հետ հարաբերություններում եղած խնդիրները մենք երկկողմ ձևաչափով ենք լուծում և չենք նպաստում, որ սադրանքի այդ բացիլը բազմանա»,- ասել է Զախարովան՝ ճեպազրույցի ժամանակ։
The Wall Street Journal-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցի ժամանակ, ըստ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի, փորձ էր արվում նվազեցնել Հայաստան-Ռուսաստան կապերի նշանակությունը, ինչպես նաև ռուս սահմանապահների դերակատարումը՝ Հայաստանի և նրա քաղաքացիների անվտանգության ապահովման հարցում։
«1990-ականներից սկսած՝ Ռուսաստանի ռազմական ներկայությունը, մեր սահմանապահների ներկայությունը Հայաստանում պահանջված էր հենց ՀՀ կողմից՝ հաշվի առնելով Հարավային Կովկասում ստեղծված բարդ իրավիճակը և հարևանների հետ Հայաստանի չկարգավորված հարաբերությունները։ 102-րդ ռազմական բազան պարբերաբար անցկացնում է ուսումնավարժություններ՝ բարձրացնելու մարտունակությունը և համագործակցում է հայ գործընկերների հետ։ Մեր սահմանապահները կասեցնում են հայ-թուրքական սահմանը ապօրինաբար հատելու փորձերը, մաքսանենգության փորձերը՝ հայ-իրանական սահմանին, իսկ 2020 թվականի դեկտեմբերից իրականացնում են նաև մոնիտորինգ՝ հայ-ադրբեջանական սահմաններին։ Ձեռնարկվող բոլոր միջոցառումները հայկական կողմի հետ են անցկացվում՝ ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի պայմաններում։
Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների գործունեությանը Ղարաբաղում, ապա եթե նրանք չլինեին, տարածաշրջանում իրադրությունը 2020 թվականի աշնանից կարող էր Երևանի համար շատ ավելի դրամատիկ սցենարով զարգանալ, հատկապես ԼՂ Ադրբեջանի մաս ճանաչելու մասին Հայաստանի ղեկավարության որոշումից և այդ որոշումը հրապարակայնացնելուց հետո։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի նկատմամբ Երևանի հավակնություններին, ապա կազմակերպության արդյունավետությունը համոզիչ կերպով երևաց օրինակ՝ 2022 թվականի հունվարին Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ։ Եթե ՀՀ ղեկավարությունը համաձայներ, որ Հայաստանի տարածքում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայվեր, ապա շատ խնդիրներից այստեղ էլ հնարավոր կլիներ խուսափել։ Բայց դրա փոխարեն ՀՀ ղեկավարությունը նախընտրեց ԵՄ առաքելությանը հրավիրել, որը մոնիտորինգի անվան տակ՝ զբաղվում է հետախուզական տվյալների հավաքագրմամբ՝ Ռուսաստանի և Իրանի դեմ և հաշվետվություն է պատրաստում բացառապես Բրյուսելի համար։ ԵՄ առաքելության արդյունավետության մասին էլ «վկայում է» կոնկրետ դրական արդյունքների բացակայությունը»,- The Wall Street Journal-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած դրույթներին է արձագանքել Մարիա Զախարովան։