26/10/2023 12:09
Առանց ճանապարհների շատ դժվար կլինի կառուցել խաղաղություն. Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում ներկայացրեց «Խաղաղության խաչմերուկ»-ի 4 սկզբունքները
Մեր հարևաններից երկուսի հետ ճանապարհները փակ են, ինչը հարաբերություններում առկա բարդությունների շատ խոսուն վկայություն է, «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, թե առանց ճանապարհների շատ դժվար կլինի կառուցել խաղաղություն։
«Ակնհայտ է, որ Հարավային Կովկասն ունի հաստատուն խաղաղության կարիք։ Իսկ ի՞նչ է խաղաղությունը․ մի վիճակ է, երբ երկրներն ապրում են բաց սահմաններով՝ կապված տնտեսական, քաղաքական, մշակութային, մարդկային ակտիվ կապերով, բոլոր հարցերը դիվանագիտական եղանակով լուծելով ու երկխոսության փորձ ու ավանդ կուտակած», - նշեց Փաշինյանը՝ շեշտելով, որ սա է իրական խաղաղությունը։
Վարչապետի խոսքով՝ սա է պատճառը, որ ՀՀ կառավարությունը մշակել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, ինչը խաղաղության օրակարգի կարևոր մի մասն է։
«Այդ նախագծի առանցքային իմաստը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի ու Իրանի միջև կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու ու գործարկելու միջոցով», - ընդգծեց Փաշինյանը։
Նա ասաց, թե Հայաստանի հարավով ու հյուսիսով անցնող ճանապարհներն արդեն 30 տարի չեն գործում տարածաշրջանային առումով, չեն գործում նաև արևելքն արևմուտքին կապող բազմաթիվ ավտոճանապարհներ։
«Մինչդեռ այդ ճանապարհների վերագործարկումը Կասպից ծովը Միջերկրականին կապող կարճ ու արդյունավետ ուղի կդառնար թե՛ երկաթուղային, թե՛ ավտոմոբլիային», - ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ասաց, թե այս ծրագիրը հսկայական օգուտներ կբերի մեր տարածաշրջանի բոլոր երկրներին։
«Կաևոր եմ համարում ընդգծել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները, որոնք հետևյալն են՝
1. բոլոր ենթակառուցվածքները՝ ներառյալ ավտոճանապարհները, երկաթուղիները, ավիաուղիները, խողովակաշարերը, մալուխները, էլեկտրահաղորդման գծերը գործում են այն երկրների ինքնիշխանության ու իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են
2. յուրաքանչյուր երկիր իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով իրականացնում է սահմանային ու մաքսային հսկողություն, ինչպես նաև ապահովում է ենթակռուցվածքներ՝ ներառյալ դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգությունը
3. նշված ենթակառուցվածքները կարող են օգտագործվել ինչպես միջազգային, անպես էլ ներքին փոխադրումների համար
4. բոլոր երկրները միմյանց ենթակառուցվածքներից օգտվում են հավասարության ու փոխադարձության սկզբունքով։ Այս սկզբունքով կարող են իրականացվել սահմանային ու մաքսային հսկողության ընթացակարգերի որոշակի պարզեցումներ», - նշեց ՀՀ վարչապետը։