26/10/2023 11:50
ՀՀ-ի խաղաղության ապագան երկու տարբեր ճանապարհային քարտեզների արանքում է հայտնվել, որը դիվանագիտական ծուղակ է. Օհանյան
Բրյուսելյան հանդիպումը տեղի չի ունեցել, որովհետև Ալիևը չի ցանկացել մեկնել։ Այն, ինչ անհրաժեշտ էր ստանալ այս բանակցային գործընթացում և առաջին հերթին Արևմուտքից, ինքը ստացել է. ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ «Ինքը ստացել է բռնագաղթեցում, էթնիկ զտումներ՝ Արցախում, և այս փուլում ինքը իր նպատակին հասել է», - ասաց նա։
«Ադրբեջանը հետագայում շեշտը դնելու է ՀՀ-ի հետ խաղաղության կնքման վրա, որի հիմնական նպատակը կլինի ճնշումների շարունակությունը «Զանգեզուրի միջանցքի» շրջանակներում։ Արցախյան հակամարատության հարցը և ՀՀ-ի խաղաղության ապագան երկու տարբեր ճանապարհային քարտեզների արանքում է հայտնվել։ Այս ամենը դիվանագիտական ծուղակ է, որն աշխարհաքաղաքական զարգացումների շրջանակներում ուժային կենտրոնների բախումների ռազմադաշտ դարձնելն է Հայաստանը, որից դուրս գալը դժվար է լինելու», - ասաց նա։
Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմից հայտարարություններին, որ այլևս «Զանգեզուրի միջանցքն» իրենց հետաքրքիր չէ՝ Սեյրան Օհանյանը նշեց, որ դրանք նորից մոլորեցնող քայլեր են։ «Իրենց վերջնական նպատակը Մեծ Թուրանի ճանապարհին Սյունիքով երկաթուղի և ճանապարհ ունենալն է, և, կարծում եմ, իրենք այդ մտադրությունից հետ չեն կանգնելու», - ասաց նա։
Խաղաղության խաչմերուկ դառնալու մասին հայտարարություններն էլ, ըստ նրա, լավագույն ցանկություններ են։ «Սրա շուրջ լուրջ բանակցողներ են պետք և պետք է լուրջ աշխատանքներ տարվեն, որ ՀՀ շահերն առաջ ընթանան», - ասաց նա։