26/10/2023 23:51
Եթե Արցախը դատարկելուց ու Ադրբեջանին տալուց հետո Փաշինյանը շարունակում է մնալ երկրի ղեկին, նշանակում է՝ ՀՀ-ում չկա ժողովրդավարություն․ Նման բան կարող է լինել միայն ավտորիտար երկրում․ Վարդան Օսկանյան
Արցախի կորստյան մեղքն ու պատասխանատվությունը ՀՀ գործող իշխանությանն է, հայտարարել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ։
«Պատկերացրեք՝ նրանց դիվանագիտական և քաղաքական անմեղսունակությունն ինչպիսի բարձունքների է հասել, որ իրենց գործունեության այս մի քանի տարիների արդյունքում հասցրեցին ոչ միայն Արցախը տալ Ադրբեջանին, այլև Արցախը դատարկե՛լ ու տալ Ադրբեջանին: Պատասխանատվությունը և մեղավորությունը նրանցն է»,- ասել է Վարդան Օսկանյանը։
Նա արձագանքել է նաև այս ամենի մեղքն այլոց վրա բարդելու փորձերին։
«Եթե իրոք Հայաստանում կան մարդիկ, որոնք անկեղծորեն հավատում են, կարծում են, որ այս հարցում կան այլ մեղավորներ, ասեմ, որ նրանք պարզապես շփոթում են պատճառն ու հետևանքը: Եթե մենք մեղավոր ենք համարում Ադրբեջանին, որ պատերազմ է սանձազերծել, այո, սանձազերծել է, դա հետևանք է: Եթե մենք մեղադրում ենք Արևմուտքին, որ պատերազմի ժամանակ մեզ անտեսեց, արհամարհեց, դա հետևանք է, եթե մենք մեղարում ենք մեր դաշնակցին, որ մեզ չօգնեց պատերազմի ժամանակ, դա հետևանք է, եթե մենք մեղադրում ենք Արցախի իշխանություններին, որ փաստաթուղթ են ստորագրել լուծարելու իրենց պետությունը, դա հետևանք է»,- ասել է Օսկանյանը՝ հիշեցնելով, թե այս հետևանքներն ինչից են ծնվել:
«Երբ առաջին օրվանից Փաշինյանն ասաց, որ ինքը զրոյական կետից է սկսում, բոլորիս համար ակնհայտ էր, որ պատերազմ է լինելու: Երբ Փաշինյանը շեղվեց նոյեմբերի 9-ի փաստաթղթի տառից, ոգուց և գնաց այլ ուղղություններով, խճճվեց այս հարցերում, ակնհայտ էր, որ Ռուսաստանը երես էր թեքելու: Երբ Փաշինյանը Պրահայում ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում, ակնհայտ էր, որ մենք Արցախը կորցնելու ենք: Այն պահին, երբ Փաշինյանը ասաց, որ Հայաստանը կապ չունի Արցախի հետ, Արցախն ինքնուրույն պետք է բանակցի, բոլորի համար ակնհայտ էր, որ Արցախը դատարկվելու է: Եվ ահա այսօր, երբ 100 հազարավոր մեր հայրենակիցներ լքել են իրենց տները, իրենց հողն ու ջուրը, հետևում թղել են մեր պատմամշակութային հուշարձանները, Հայաստանի իշխանությունները ևՆիկոլ Փաշինյանը լռում են նրանց վերադառնալու հարցի կապակցությամբ։ Չի բարձրացվում այդ հարցը, և դրա հետևանքն էլ այն է, որ այս հարցը մեկընդմիշտ փակվում է, ու թաղվում է»,-ասել է նա։
Այնինչ, ըստ Վարդան Օսկանյանի, արցախցիների վերադարձի հարցը պետք է վառ պահել։
«Մենք ուղղակի չենք կարող դրանից հրաժարվել, և դա հենց ՀՀ իշխանությունների պարտավորությունն է: Փոխարենը Փաշինյանը Ստրասբուրգում խոսեց ժողովրդավարության մասին։ Ամենավառ ապացույցը, որ այսօր ՀՀ-ում չկա ժողովրդավարություն այն է, որ Փաշինյանը դեռ շարունակում է մնալ երկրի ղեկին՝ այս արհավիրքից հետո, երբ մենք կորցրեցինք Արցախը, դատարկեցինք Արցախը: Այս երկու դեպքերից հետո, եթե երկրի ղեկավարը շարունակում է մնալ երկրի ղեկին, դա նշանակում է, որ ՀՀ-ում չկա ժողովրդավարություն։ Նման իրավիճակ կարող է լինել միայն ավտորիտար երկրներում, բռնատիրություններում»,- շեշտել է Վարդան Օսկանյանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում