26/10/2023 13:35
«Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագծի գնման գործընթացը մեկ անձից գնման ընթացակարգով է կատարվելու է
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 26-ի նիստում մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին որոշում կայացրեց:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագիծը պայմանավորված է «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման շրջանակներում գլխավոր հատակագծի մշակման աշխատանքների և ծառայությունների համար գնման գործընթաց կազմակերպելու անհրաժեշտությամբ:
Գնման գործընթացը մեկ անձից գնման ընթացակարգով է կազմակերպվում, որպեսզի գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները (որոնց հաջող իրականացումը որոշիչ է ծրագրի իրականացման համար) հնարավոր լինի իրականացնել միջազգային բարձր վարկանիշ ունեցող ընկերության կողմից, որն ունի ծրագրի իրականացման համար անհրաժեշտ բաղադրիչների մշակման բացառիկ և աննախադեպ փորձ։
Հաշվի առնելով ճարտարապետական նախագծման ոլորտում Գերմանիայի օրենքների համաձայն հիմնադրված և գործող «ՋիԷմՓի ինթերնեյշնլ ՋիԷմԲիԷյջ արքիթեքթս ընդ էնջինիերս» ընկերության փորձը, հեղինակությունը, ինչպես նաև ծրագրի շրջանակներում նախատեսվող տրանսֆորմեր համերգասրահի կառուցման բացառիկ հեղինակային իրավունքը՝ նպատակահարմար է համարվել «Ակադեմիական քաղաք» ծրագրի համար գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները պատվիրել այս ընկերությանը, որն իր ծառայությունների մատուցման շրջանակներում համագործակցելու է «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հետ։
Ծրագրի իրականացման համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր անհրաժեշտ ելակետային տվյալների և այլ նյութերի ու տեղեկատվության տրամադրման աշխատանքները նպատակահարմար է համարվել պատվիրել Համալսարանին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Համալսարանը համապատասխան ճարտարապետաշինարարական կրթություն առաջարկող միակ հաստատությունն է և կապահովի ուսանողներին Ծրագրի իրականացման աշխատանքներում ներգրավելու բացառիկ հնարավորություն։
Նախագծի ընդունման դեպքում ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին կթույլատրվի մեկ անձից գնման ընթացակարգով Ընկերությունից և Համալսարանից գնել նախագծման աշխատանքների ծառայությունները, ինչը հնարավարություն կտա պատշաճ կերպով իրականացնելու «Ակադեմիական քաղաք» ծրագրի համար գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները: