26/10/2023 19:39
«Որոշել ենք գրաքննություն չանել, բայց սահմանադրական կարգը տապալելու կոչեր չեն կարող հնչել»․ Ինչպե՞ս է քաղաքապետարանը վերահսկելու երաժիշտների, նկարիչների բացօթյա մշակութային գործունեությունը
Երևանի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, թե ինչպես են նոյեմբերի 1-ից վերահսկելու Երևանի բացօթյա վայրերում կազմակերպվող մշակութային գործունեությունը։ Տարածված հաղորդագրությունը՝ ստորև․
Նոյեմբերի 1-ից երաժիշտները, նկարիչներն ու մշակութային գործունեություն ծավալող մյուս անհատներն ու խմբերը Երևանի հանրային բացօթյա վայրերում պետք է գործեն ավագանու սահմանած նոր պահանջներով:
Առավոտյան ժամը 10:00-ից մինչ 21:00-ն բնակելի և հասարակական շենքերից պետք է պահպանել հեռավորություն՝ առնվազն 10 մ, ժամը 21:00-23:00-ն՝ 100մ:
«Սեպտեմբերի 12-ին Երևանի ավագանու 849 որոշմամբ հաստատվեց նախագիծ, որը կանոնակարգում է հանրային բացօթյա վայրերում մշակութային գործունեություն իրականացնելու կարգը: Մենք փորձում ենք ներդաշնակ միջավայր ապահովել ինչպես մշակութային գործունեություն իրականացնողների, այնպես էլ քաղաքի բնակիչների և հյուրերի համար»,-նշում է Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Սահակյանը:
«Քաղաքապետարանի նպատակը առաջին հերթին բնակելի և հասարակական վայրերում քաղաքացիների անդորրն ու հանգիստն ապահովելն է: Բազմաթիվ են բողոքները, որ խանգարում են նախ՝ քաղաքացիների ազատ տեղաշարժը, ապա՝ օբյեկտների գործունեությունը: Լինում են դեպքեր, երբ նրանց գործունեությունից հետո աղտատվում է տարածքը: Խնդրահարույց հասցեներն են Հյուսիսային պողոտան, Աբովյան փողոցը»,-ասում է քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը:
Նոր կանոնակարգով բացօթյա մշակութային գործունեությունը պետք է չխոչընդոտի հետիոտնի տեղաշարժը, փոխադրամիջոցների երթևեկությունն ու հարակից օբյեկտների գործունեությունը: Ձայնի ուժգնությունն էլ պետք է չգերազանցի 60 դեցիբելը:
«Մենք ի սկզբանե որոշել ենք գրաքննություն չանել, Սահմանադրությամբ դա արգելված է: Բայց սահմանադրական կարգը տապալելու, քրեական ենթամշակույթին վերաբերող տերմինաբանություն ու հայհոյանքներ չեն կարող հնչել»,- ընդգծում է Գևորգ Սահակյանը:
Քաղաքապետարանի և վարչական շրջանների կողմից կսահմանվի ամենօրյա հսկողություն: Մինչ այդ բոլորը նախազգուշացվում են: Նոյեմբերի 1-ից պահանջները խախտողներին ստիպված կլինեն տուգանել:
«Առաջին խախտման դեպքում «Վարչական իրավախախտումների մասին» օրենգիրքը նախատեսում է նախազգուշացնում կամ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 100-200-ապատիկի չափով, իսկ կրկնելու դեպքում տուգանքն էլ մեծանում է՝ հասնելով 500-800 հազար ՀՀ դրամի»,- նշում է Արամ Գյուլզադյանը:
Երևանի փողոցներում մշակութային ժամանցային նախաձեռնությունները կարգելվեն միայն սգո և հիշատակի օրերին: Նոր պահանջներն ու սահմանափակումներն արգելում են դյուրավառ ու պայթյունավտանգ նյութերի գործածումը: Չափորոշիչների մանրամասներին հնարավոր է ծանոթանալ քաղաքապետարանի պաշտոնական կայքում: