26/10/2023 10:03
«Ժողովուրդ». Մեծ ծախսեր են դրված միայն աշխատավարձով ապրող Անդրանիկ Քոչարյանի ուսերին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քաչարյանի՝ 2021 թվականին հայտարարագրված միանձնյա 2 բնակարանը և մեկ ավտոտնակը պահպանվել են 2022 թվականի հայտարարագրում:
Նկատենք, որ Քոչարյանի միակ եկամտի աղբյուրը ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից որպես աշխատանքի վարձատրություն ստացած տարեկան 10 մլն 278 հազար դրամն է: Անդրանիկ Քոչարյանի հայտարարագրված որդին՝ Վազգեն Քոչարյանը, տան միակ եկամտի 60%-ով մեքենա է գնել՝ 6 մլն 230 հազար դրամ արժողությամբ, 2015 թվականի արտադրության, VOLVO մակնիշի։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ Քոչարյանը նաև «չհայտարարագրված» ևս մեկ որդի ունի՝ Լևոն Քոչարյանը, որին շատ արտոնյալ պայմաններով ազատել է զինվորական ծառայությունից։
Ըստ մամուլի՝ այն ժամանակ սպասել են, երբ ԲՈԿ-ը հաստատի նրա թեզը (իսկ ԲՈԿ-ը կհաստատեր), և Անդրանիկ Քոչարյանի տղան կազատվեր զինծառայությունից, ինչը եղավ։ Բանակի հզորացումից օրուգիշեր խոսող Անդրանիկ Քոչարյանն իր որդուն փրկել է զինծառայությունից: Քոչարյանի երիտասարդ որդին՝ Վազգեն Քոչարյանը, որը փաստացի իր հետ է բնակվում, և կինը՝ Լուսինե Քոչարյանը, չեն աշխատում, այսինքն՝ տան միակ կերակրողը Անդրանիկ Քոչարյանն է։ Վերջինս այնքան շռայլ է սեփական որդիների նկատմամբ, որ տարեկան եկամուտի 60%-ով որդու՝ Վազգենի համար մեքենա է գնել։
Սա նշանակում է, որ 2021 թվականին Անդրանիկ Քոչարյանի՝ գործազուրկներով հարուստ ընտանիքին ծախսելու գումար մնացել է ընդամենը 4 մլն դրամ, որն էլ օրական (365 օր) կազմում է 10 հազար 958 ՀՀ դրամ։ Հարց է առաջանում, թե ինչպես է ապրել Քոչարյանի 4-հոգանոց ընտանիքը այդ չնչին գումարով: Քոչարյանի որդին, որևէ եկամուտ չունենալով, նաև վարում է, ինչը ծախսեր է ենթադրում։ Քոչարյանը նաև ունի երկու բնակարան և մեկ ավտոտնակ, որոնք ևս ֆինանսներ ծախսելու որոշակի պահանջ ունեն՝ կոմունալներ և բնակարանի գույքահարկ։
Այսքան ծախսերը դրված է միայն աշխատավարձով ապրող Քոչարյանի ուսերին: Մամուլը նաև հրապարակել է կադրեր, թե ինչպես է ժամանակն անցկացնում Քոչարյանը թանկարժեք սրճարաններում և ռեստորաններում։ Առնվազն կասկածելի է, թե ինչ գումարներով է ապրել 2021 թվականին Անդրանիկ Քոչարյանի ընտանիքը, ով է հովանավորել, ֆինանսավորել, որ ընտանեկան տարրական կարիքները բավարարեն: Նիկոլ Փաշինյանը կասեր՝ կոռուպցիան պոզով ու պոչո՞վ է լինում:
Հուսանք՝ Կոռուպցիայի կանխարգելման՝ անգործության մատնված հանձնաժողովը մեկ անգամ որևէ ՔՊ-ական պատգամավորի գործունեություն կուսումնասիրի և պարզաբանումներ կուզի, թե ինչպես է գոյատևել Անդրանիկ Քոչարյանի ողջ ընտանիքը 4 մլն դրամով»։