27/10/2023 19:55
Աշնանային դեպրեսիվ համախտանիշ. Ինչպե՞ս հաղթահարել
Խոր աշնանը շատերի մոտ առաջանում է այսպես կոչված «աշնանային դեպրեսիա»։ Այս վիճակն, ընդհանուր առմամբ, վտանգավոր չէ, բայց դրա դրսևորումները տհաճ են։ Մարդը կարող է դառնալ անտարբեր, անհանգիստ, պասիվ, ունենալ տրամադրության հաճախակի անկումներ։
Սեզոնային անհանգիստ վիճակն, իրականում, դեպրեսիա չէ և առաջանում է զուտ արտաքին պատճառներով.
աշնանը կենսապայմանները կտրուկ փոխվում են,
ցերեկը կարճանում է, դրա պատճառով օրգանիզմում նվազում է կարևոր հորմոնների՝ սերոտոնինի և մելատոնինի արտադրությունը,
սննդակարգում քչանում են թարմ հատապտուղները, բանջարեղենը, մրգերը, որոնք առատորեն հասանելի էին ամռանը,
եղանակը դառնում է ցուրտ, անձրևոտ և ամպամած,
պատուհանից դուրս տեսարանը փոխվում է, բնությունը դառնում է ավելի մռայլ և այլն:
Այս բոլոր գործոնները բացասաբար են ազդում մարդու տրամադրության և ընդհանուր վիճակի վրա, հետևաբար՝ դեպրեսիայի ախտանիշների վրա:
Խոսքը ոչ թե դեպրեսիայի՝ որպես հոգեկան խանգարման, այլ սեզոնային դեպրեսիվ համախտանիշի մասին է։ Սա անվնաս «աշնանային վիճակ» է, պարզ, բայց կարևոր միջոցները կօգնեն ազատվել դրանից։
Ապահովեք պայծառ արհեստական լուսավորություն տանը և աշխատավայրում: Երեկոյան թույլ լույսը նպաստում է քնկոտության ու ապատիայի առաջացմանը։
Հնարավորության դեպքում ճաշի ժամին և հանգստյան օրերին գնացեք զբոսանքի, որպեսզի չզրկեք ձեզ բնական արևի լույսից:
Հետևեք սննդակարգին. իմունիտետը պահպանելու համար սննդակարգում ներառեք ֆերմենտացված կաթնամթերք, մրգեր, բուսական թեյեր և առողջարար թուրմեր:
Պարանոցի բուժական մերսման կուրս անցեք։ Այն կարող է շատ օգտակար լինել «աշնանային դեպրեսիայի» դեպքում, քանի որ բարելավում է արյան մատակարարումն ուղեղ, թեթևացնում է մկանային լարվածությունը և այլ տհաճ ախտանիշներ։ Այսպիսի մերսումը նախատեսված է սթրեսի, քնի խանգարումների և գլխացավերի դեպքում։ Այն բարենպաստ ազդեցություն է ունենում ինչպես մօրգանիզմի, այնպես էլ տրամադրության վրա։
Բավականաչափ քնեք և հետևեք առօրյային: Աշնանը հատկապես կարևոր է քնել օրական առնվազն 8 ժամ, որպեսզի սահմանափակ ուժի պաշարը վերականգնվելու ժամանակ ունենա։
Զբաղվեք սպորտով և ընտրեք ակտիվ հանգիստ։ Վազք, բացօթյա խաղեր, լող, յոգա սկսնակների համար՝ ցանկացած ֆիզիկական ակտիվություն կօգնի հաղթահարել սթրեսը:
Ժամանակ գտեք հոբբիների համար: Փորձեք օրական գոնե 30 րոպե գտնել հաճելի ստեղծագործական գործունեության համար՝ նկարչություն, ձեռքի աշխատանք և այլն։
Մեղմ դեպրեսիան հնարավոր է ինքնուրույն հաղթահարել, սակայն բարդ դեպքերում, եթե ապատիան և դեպրեսիվ տրամադրությունը պահպանվում են մի քանի շաբաթ և շատ արտահայտված են, անհրաժեշտ է դիմել մասնագետի։
Երբեմն անքնությունը, գլխացավն ու դեպրեսիան կարող են լինել նյարդային համակարգի հիվանդությունների նախանշաններ, որոնք բուժում է նյարդաբանը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն