27/10/2023 14:50
Ի՞նչ անել, երբ արյունահոսում են լնդերը. Խորհուրդներ
Բերանից, լեզվից, շրթունքներից կամ ատամնաբներից արյունահոսությունը կարող է կապված լինել լնդային հիվանդության, ատամնաբուժական միջամտությունների կամ ատամները վնասելու հետ։
Եթե լնդերն արյունահոսում են ատամները խոզանակելուց հետո, դա կարող է վկայել լնդային հիվանդության (գինգիվիտ) առկայության մասին։ Նման դեպքերում պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել բերանի խոռոչի, մասնավորապես, ատամների ու լնդերի խնամքին։
Լնդային արյունահոսություն նկատելիս, հարկավոր է հետևել այս խորհուրդներին.
Մաքրել ատամներն օրական երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան՝ անկողին մտնելուց անմիջապես առաջ։
Կանոնավոր կերպով օգտագործել ատամնաթել. ատամնաբույժը խորհուրդ կտա, թե որ տեսակի թելը կարող է ձեր դեպքում լինել գերադասելի։
Եթե լնդերը բորբոքված են, օգտագործել ավելի փափուկ խոզանակ։
Դեղատներում ազատ վաճառվում են բերանի ողողման հակաբակտերիալ հեղուկներ կամ լուծույթներ։ Խորհրդակցեք ատամնաբույժի հետ՝ մինչև որևէ արտադրանք օգտագործելը, քանի որ որոշ միջոցներ կարող են առաջացնել կողմնակի ազդեցություններ։
Եթե կարծում եք, որ ունեք լնդային հիվանդություն, շատ կարևոր է, որ առանց ուշացնելու դիմեք ատամնաբույժին, քանի որ վաղ սկսած բուժումը կարող է օգնել ատամների պահպանմանը։
Եթե ատամների բուժումից, բերանի խոռոչի կամ ատամների վնասվածքից հետո ատամները սկսել են արյունահոսել, ապա՝
Ողողել բերանը սառը ջրով և փորձել արյունահոսող շրջանը սեղմել մաքուր և մի քանի շերտ փաթաթած թանզիֆով։
Պահել այն մոտ 15 րոպե՝ առանց հեռացնելու, որից հետո ստուգել, թե արդյո՞ք արյունահոսությունը դադարել է։ Եթե ոչ, փոխել արյունականգ խծուծը և շարունակել նորը սեղմած պահել արյունահոսող մակերեսին՝ մինչև ատամնաբույժին այցելելը։
Ուժեղ ցավի դեպքում կարող եք ընդունել ձեզ ծանոթ սովորական ցավազրկներից որևէ մեկը։
Խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից, ինչպես նաև դժվար ծամելի սնունդ ընդունելուց։
Խուսափել խիստ տաք հեղուկներ ընդունելուց։
Եթե ծխող եք, խուսափել ծխախոտ օգտագործելուց, քանի որ այն կարող է ավելի գրգռել բերանի խոռոչի լորձաթաղանթը՝ սաստկացնելով ցավերը կամ ուժեղացնելով արյունահոսությունը։
Բոլոր դեպքերում, չի կարելի հետաձգել ատամնաբույժի այցելությունը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն