27/10/2023 20:21
ԶՊՄԿ-ի պահնորդին սպանած ադրբեջանցի Ախունդովի դատավճռի դեմ բողոքի քննությունը դռնփակ ռեժիմով է անցել
ՀՀ ինքնիշխան տարածք ապօրինի ներխուժած և ԶՄՊԿ պահնորդի սպանության համար 20 տարվա ազատազրկման դատապարտված Հուսեյին Ախունդովը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից այսօր բերվել էր Վերաքննիչ քրեական դատարան, որտեղ քննվում է նրա պատիժը խստացնելու հարցը։ Սակայն պարզվում է՝ դատական իշխանությունը որոշել է ծածկադմփոց անել դատավարությունը ու նիստն անցկացնում է դռնփակ ռեժիմով։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ, այսօր դռնփակ ռեժիմով կայացել է Ախունդովի դատավճռի դեմ բերված բողոքի քննությունը, որով տուժող կողմը պահանջում է մասնակի բեկանել դատական ակտը և Ախունդովի նկատմամբ որպես պատիժ նշանակել ցմահ ազատազրկումը։
Ընդ որում, ինչպես նշվեց, դատարանը որոշել է դռնփակ ռեժիմով քննել գործը, թեև տուժող կողմը վիճարկում է բացառապես դատավճռի եզրափակիչ մասը՝ պատժի մասով, իսկ հիմքերն, այսպես ասած, բոլորովին կապ չունեն փաստական տվյալների, ապացույցների հետ, ըստ այդմ, դրանք քննության առարկա չեն դարձվի վերաքննիչ ատյանում, ուստի, հարց է՝ ինչու է գործի քննությունը թաքցվում հանրությունից այն դեպքում, երբ, օրինակ, Ադրբեջանում գերության մեջ պահվող հայերի, անգամ՝ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի դեմ շինծու դատավարությունը թշնամի պետությունը «շոուի» է վերածել։
Տուժող Հայրապետ Մելիքսեթյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Ալավերդյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է, որ առաջին ատյանում ևս գործը դռնփակ է քննվել, սակայն դա պատճառաբանվել էր նրանով, որ քննարկման առարկա պետք է դարձվեին պետական գաղտնիքի տարրեր պարունակող որոշակի հանգամանքներ, օրինակ՝ սահմանը հատելու եղանակը և այլն, ինչը չի կարելի ասել այս դեպքում, քանի որ փաստական հանգամանքների բովանդակային հետազոտում չի իրականացվում։
«Գտնում ենք, որ դատական նիստը դռնփակ իրականացնելն իրավաչափ չէ, համապատասխան առարկությունները ներկայացրինք դատարանին, սակայն դատարանը որոշեց շարունակել նիստի քննությունը՝ դռնփակ ռեժիմով։ Կարծում եմ՝ սա չի նպաստում գործի հրապարակային քննությանը, որ նաև հասարակության կողմից ընկալելի լինի, թե ինչ է կատարվում, ինչու է պատժի այս կամ այն չափը որոշվում։ Տեսնում ենք նաև թշնամի պետությունում մեր հայրենակիցների «դատավարությունը», անգամ ձերբակալման տեսարաններն են շատ մեծ հնչեղություն տալիս, որի նպատակը, բնականաբար, հասկանալի է, դա որևէ պրակտիկ, իրավական նշանակություն չունի, դա մեր ազգի նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու անթաքույց միջոց է։ Նույն՝ Վագիֆ Խաչատրյանի գործով դատական բեմադրված տեսարանին ենք ականատես լինում, չհիմնավորված շինծու գործով մարդուն ինչպես են ներկայացնում, ինչ պայմաններում են պահում հենց դատական նիստի ընթացքում, նրա էմոցիոնալ պահերն ինչպես են հատուկ շեշտադրում։ Մենք՝ որպես քաղաքակիրթ ազգ, որպես իրավական պետություն նմանատիպ ստոր նպատակներ, մղումներ չունենք։ Ընդամենը մեր համոզմունքն է, որ դատական նիստն անցնի դռնբաց, որ հասարակությունն անձամբ ընկալի, թե ինչ հարցեր են քննարկվել, ինչ որոշումներ են կայացվել»,- նշել է Ալավերդյանը՝ արձանագրելով նաև, որ Հուսեյին Ախունդովի իրավունքների պաշտպանությունը պատշաճ կերպ իրականացվում է։
Շարունակությունը՝ սկզբնաղբուր կայքում