27/10/2023 12:01
Դեգեներատ հայտարարություններ են․ Ադրբեջանից գազ գնելն անհնար է. Էներգետիկ անվտանգության մասնագետ
Ինձ համար շատ դժվար է մեկնաբանել այսօրվա գործող քաղաքական ուժի հայտարարությունները, քանի որ դրանց ստիպված պետք է որակումներ տամ, որովհետև մի հայտարարությունը մյուսից դեգեներատ է, Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանի հայտարարությանը՝ ասաց Էներգետիկ ոլորտի փորձագետ Արմեն Մանվելյանը։
Նրա խոսքով՝ այսօր երկիր են ղեկավարում մարդիկ, ովքեր չեն հասկանում, թե ինչ բան է պետությունը, կառավարման համակարգը, առավել ևս չգիտեն, թե ինչ է էներգետիկան և ինչպես կարելի է դրանով աշխատել։
«Ինչ վերաբերում է Ադրբեջանից, իբր, գազ գնելու մասին հայտարարությանը, որը հիմարություն է, ասեմ, որ դա անհնար է։ Սկսենք նրանից, որ ադրբեջանական գազի 90 տոկոսը պատկանում է British Petroleum բրիտանական ընկերությանը, որը ունի երկարատև պայմանագիր Թուրքիայի և Եվրոպայի հետ։ Քանի որ այդ գազից հենց Ադրբեջանին էլ է քիչ մնում, ինքը ստիպված նաև լրացուցիչ գազ է ներմուծում Ռուսաստանից։ Այս պահին Ադրբեջանը 1-2մլդ խ/մ տարեկան գազ է ներմուծում։ Երկրորդն էլ՝ ադրբեջանական գազը բավականին թանկ է, համեմատության համար ասեմ, որ թուրքերին իրենք վաճառում են մոտավորապես 300 դոլարի սահմաններում, այն դեպքում, երբ մենք Ռուսաստանից գնում ենք 175 դոլարով», - մանրամասնեց մասնագետը։
Մանվելյանի խոսքով՝ նմանատիպ անհեռանկար հայտարարություններ անելուց առաջ կարելի է մի փոքր մտածել ու ծանր ու թեթև անել, մտածել քաղաքական հետևանքների մասին։
«Օրինակ, «Գազպրոմ Արմենիան» ռուսական սեփականություն է և դրա համար էլ ՌԴ-ն մեզ էժան գազ է տալիս։ Եթե այս իշխանությունները պատրաստ են Ադրբեջանից գազ գնել 300 դոլարով, նվազագույնն եմ ասում դա, օրինակ, այս պահին գազի գինը եվրոպական շուկայում, որտեղ ադրբեջանական գազն է գնում, 600 դոլար է, ապա բիտանական ընկերությունները կհամաձայնեն միջին եվրոպական գներով ՀՀ-ին գազ վաճառել։ Սա, մեղմ ասած, հիմարություն է և կբերի ՀՀ ամբողջ տնտեսության ոչնչացման, կսկսվի տնտեսական կոլապս՝ գյուղատնտեսական բոլոր բնագավառներում», - նկատեց նա։
Հիշեցնենք, որ Թբիլիսիում անցկացվող «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի ժամանակ ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը հայտարարել էր, որ քաղաքական հարցերը կարգավորելուց հետո, Հայաստանը պատրաստ կլինի գազ գնել Ադրբեջանից։