27/10/2023 19:24
Գերմանական Կարմիր Խաչի պատվիրակությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին է այցելել
Հոկտեմբերի 27-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանական Կարմիր Խաչի Բադեն-Վյուրտենբերգի երկրամասային կազմակերպության նախագահ տիկին Բարբարա Բոշի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպմանը Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց Գերմանական Կարմիր Խաչին այս դժվարին օրերին Հայաստանի և հայրենազրկված արցախահայության համար իրականացվող բարեգործական ու սոցիալական աջակցության ծրագրերի առնչությամբ։
Զրույցի ընթացքում Հայոց Հովվապետն անդրադարձավ նաև Արցախից տեղահանված հայորդիներին Մայր Աթոռի կողմից ցուցաբերվող զորակցության ու աջակցության ծրագրերին։
Իր հերթին տիկին Բարբարա Բոշը, անդրադարձ կատարելով 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո Հայաստանում Գերմանական Կարմիր Խաչի գործունեությանը, խոսեց նաև «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի նախաձեռնած «Գթության խոհանոց» ծրագրի մասին։ Տիկին Բարբարա Բոշը հավաստիացրեց Հայոց Հայրապետին, որ նախաձեռնված աջակցության ծրագրերը շարունակական են լինելու, հատկապես առաջնահերթ են նկատվելու բռնի տեղահանված արցախցիների կարիքները։
Վերջում Հայոց Հայրապետը, ի դեմս ներկաների, իր գնահատանքը փոխանցեց Գերմանիային և գերմանացի ժողովրդին Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար: