27/10/2023 17:21
Փաշինյանը փրկում է Ալիևի դեմքը. մաքսիմալ վատ պայմաններ է ստեղծում արցախցիների համար, որ շատերը հարկադրված Արցախ վերադառնան․ Արեգա Հովսեփյան (Տեսանյութ)
«Հայաստանի իշխանությունը փորձում է բոլոր հնարավոր մակարդակներում պառակտել արցախցիներին, հիմնական նպատակն է արցախցիների հնարավոր ընդվզումն առավելագույնս թուլացնել։ Այդուհանդերձ, կարող եմ վստահեցնել, որ առնվազն իմ շրջապատում բոլորը պատրաստակամ են իրենց բողոքի ձայնն արտահայտելուն, դավաճաններին, հայ ազգի թշնամիներին հեռացնելուն»,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է հասարակական գործիչ Արեգա Հովսեփյանը։
«Շատ-շատերն ինձ մոտենում, հարցնում են՝ ինչու հանրահավաք չկա, որ մասնակցենք։ Չեն ասում՝ մենք կազամակերպենք, որովհետև շատ արցախցիներ դրա փորձը չունեն։ Ապրելով Արցախում՝ իրենք այդկերպ էին տեսնում իրենց պայքարը, փողոցային պայքարը մի փոքր խորթ է արցախցիների համար, այդուհանդերձ, իրենք սպասում են բողոքի ակցիաների։
Հանրահավաքներ, այո, անպայման պիտի լինեն, պարզապես մի փոքր պետք է համբերել, տնային աշխատանք անելու խնդիր կա, պետք է փորձել մարդկանց միավորել, տարբեր խմբերի միջև սինխրոնացնել աշխատանքը, որպեսզի մեր ոչ բռնի պայքարը համակարգված լինի, արդյունք տա»։
Արեգա Հովսեփյանի գնահատմամբ՝ իշխանությունը շատ լավ գիտի, որ արցախցիների ծանրակշիռ մասը դեմ է իրենց, մեծ մասը ագրեսիվ է տրամադրված, և դրա համար է, որ ջանք չեն խնայում արցախցիներին պառակտելու՝ անգամ այսպես կոչված աջակցության ծրագրերի համար են անհասկանալի չափանիշներ սահմանում, որ ներքին ընդվզում լինի։
«Հայաստանի իշխանության՝ արցախցիների կարիքները հոգալու հարցում անգործությունը պատահական չէ, դա էլ համարում եմ Ալիևի հետ սինխրոն աշխատանքի հետևանք, Ալիևը դեմքը փրկելու խնդիր ունի, Արցախի ամբողջությամբ հայաթափումն Ալիևի հեղինակությանը լուրջ վնաս է հասցրել, հետևաբար, Հայաստանի իր գործընկերը՝ Փաշինյանը, պիտի ամեն ինչ անի, որ արցախցիների համար Հայաստանում մաքսիմալ վատ պայմաններ ապահովի, որպեսզի արցախցիների մի մասն ասի՝ այստեղ հնարավոր չէ, ստիպված ենք վերադառնալ»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում