27/10/2023 11:05
Ադրբեջանը պետք է երաշխավորի հայերի իրավունքները, ներառյալ՝ իրենց տներ ապահով վերադարձը. Միյատովիչ
«Մարդու իրավունքների խախտումները դարձյալ նշանավորեցին Ղարաբաղի տարածաշրջանում և նրա շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև հակամարտության վերջին գլուխը։ Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը:
«Մարդու իրավունքների նկատմամբ լիակատար հարգանքը և միջազգային չափանիշներին խստորեն հետևելը պետք է այժմ դրվեն երկու երկրների միջև հաշտեցման և կայուն խաղաղության ճանապարհի կենտրոնում», - ընդգծել է հանձնակատարը:
Միյատովիչը երկու երկրներ է այցելել հոկտեմբերի 16-23-ը, հանդիպել է ղեկավար պաշտոնյաների, մարդու իրավունքների պաշտպանների, հակամարտությունից տուժածների, միջազգային և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, եղել է նաև հայաթափված Լեռնային Ղարաբաղում: «Այցի պատճառը սեպտեմբերի վերջին ընդամենը մի քանի օրում Հայաստան փախած ավելի քան 100 հազար 600 ղարաբաղցի հայերի զանգվածային տեղահանումն էր: Դա հաջորդեց սեպտեմբերի 19-ին և 20-ին Ադրբեջանի ռազմական գործողություններին, տարածաշրջանի հետագա լիակատար վերահսկողությանը և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով ճանապարհի իննամսյա արգելափակման արդյունքում մարդկանց տեղաշարժի ու հիմնական ապրանքների, ծառայությունների և էներգակիրների հասանելիության երկարատև խափանումներին», - նշել է Միյատովիչը՝ հավելելով, որ «Ղարաբաղի հայերը հայտնվեցին լքված վիճակում՝ առանց որևէ կողմից որևէ հուսալի անվտանգության կամ պաշտպանության երաշխիքների», «նրանց համար տնից հեռանալը միակ հասանելի տարբերակն էր»:
Հայաստանում Միյատովիչն այցելել է Կոտայքի մարզի Աղավնաձորի և Ծաղկաձորի տեղահանվածների կացարաններ, «որտեղ զրուցել է ղարաբաղցի հայերի, այդ թվում՝ ընտանիքների, տարեցների, հաշմանդամություն ունեցող և այլ խոցելի անձանց հետ»: Հանձնակատարը հանդիպումներ է ունեցել նաև միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
«Հանձնակատարը կրկին ողջունեց Հայաստանի իշխանությունների ջանքերը՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակի, ՄԱԿ-ի այլ գործակալությունների և քաղաքացիական հասարակության աջակցությամբ բոլոր կարիքավորներին անհապաղ օգնելու համար: Նա կոչ է անում Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին լիարժեք աջակցություն ցուցաբերել՝ ապահովելու անհրաժեշտ աջակցության կայունությունը», - նշված է հաղորդագրությունում:
Ադրբեջանի իշխանությունները Միյատովիչին տեղեկացրել են «Ղարաբաղի տարածաշրջանի և այնտեղ ապրող մարդկանց վերաինտեգրման համար պետության ձեռնարկած միջոցառումների մասին»։ «Հանձնակատարն ընդգծեց, որ Ադրբեջանը պետք է երաշխավորի տարածաշրջանում մնացած էթնիկ հայերի և Հայաստան մեկնածների մարդու իրավունքները, ներառյալ՝ ապահով և արժանապատիվ իրենց տները վերադառնալու իրավունքը», - ասված է հաղորդագրությունում, որը տարածել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակը:
«Առաջին անգամն էր տասնամյակների ընթացքում, երբ նման իրավապաշտպան առաքելությունը կարողացավ այցելել տարածաշրջան [Լեռնային Ղարաբաղ, որը հաղորդագրությունում ներկայացվում է որպես «Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջան», և հարակից շրջաններ. - խմբ.], թեև այցի շրջանակը սահմանափակ էր ականների առկայության հետ կապված անվտանգային նկատառումներով: Հանձնակատարը մեկնեց Ֆիզուլի, Շուշա [Շուշի. - խմբ.], Մալիբեյլի գյուղ, Խանքենդի [Ստեփանակերտ. - խմբ.], Խոջալու և Աղդամ։ Նա ցնցված էր՝ տեսնելով, որ Խանքենդի [Ստեփանակերտ. - խմբ.] քաղաքը գրեթե ամբողջությամբ դատարկվել է սեպտեմբերին բնակչության հեռանալուց հետո: Նրան տեղեկացրեցին, որ տարածաշրջանում շատ քիչ էթնիկ հայեր են մնացել», - նշված է հաղորդագրությունում:
Ֆիզուլիում և Աղդամում հանձնակատարը «տեսավ ավերված քաղաքներն ու գյուղերը, որոնք ակներևաբար տասնամյակներ շարունակ ավերակ վիճակում են եղել»:
«Ադրբեջան այցի ընթացքում հանձնակատարը հանդիպեց տեղահանվածների, ականներից տուժածների, նախկինում մարդու իրավունքների խախտումների ականատեսների և վերապրածների ու նրանց ընտանիքների, ինչպես նաև անհետ կորածների ընտանիքների անդամների հետ», - ասված է հաղորդագրությունում:
Երկու երկրներում Միյատովիչն ընդգծել է «բոլոր տեղահանվածների մարդու իրավունքների ապահովման կարևորությունը, ներառյալ նրանց՝ արժանապատիվ և անվտանգ վերադառնալու իրավունքը. ականների և պատերազմի պայթուցիկ մնացորդների վտանգից պաշտպանվելու իրավունքը, գերիների՝ պաշտպանություն ստանալու մարդու իրավունքները, անհետ կորածների ճակատագիրը և գտնվելու վայրը իմանալու իրավունքը, հակամարտության հետ կապված մարդու իրավունքների լուրջ խախտումների վերաբերյալ անկախ և արդյունավետ հետաքննության անհրաժեշտությունը և զոհերին համարժեք ու արդյունավետ փոխհատուցում տրամադրելու կարևորությունը»:
Նա շեշտել է, որ «այժմ առավել քան երբևէ բոլոր կողմերը պետք է վճռական գործողություններ ձեռնարկեն՝ կանխելու և պայքարելու ատելության խոսքի դեմ, ինչպես նաև աջակցեն համակեցությանը և հաշտեցմանը նպաստող նախաձեռնություններին»:
Հանձնակատարն իր դիտարկումներն ու առաջարկությունները կներկայացնի առաջիկայում: