27/10/2023 20:45
Ինչպես են գիտնականները գաղտնի լաբորատորիայում ստեղծել յուրօրինակ կին-ռոբոտի․ էկրաններ բարձրացավ «Ռոզալի» ֆիլմը
«Սերը ֆունկցիա չի ճանաչում»․ հենց այս կարգախոսով երեկ՝ հոկտեմբերի 26-ին, էկրաններ բարձրացավ Դավիթ Բաբախանյանի «Ռոզալի» ֆիլմը։ Վերջինս նաև հանդես է եկել որպես սցենարի համահեղինակ։ Մյուս հեղինակներն են Աշոտ Աբրահամյանը և Ռուբեն Ջաղինյանը (Ռուբեն Ջաղինյանը նաև ֆիլմի գլխավոր պրոդյուսերն է):
ֆիլմում ներկայացվում է, թե ինչպես են գաղտնի լաբորատորիաներից մեկում գիտնականները կարողացել ստեղծել յուրօրինակ կին-ռոբոտ, սակայն որպեսզի վերջինս «մարդ դառնա», պետք է ունենա մարդուն բնորոշ բոլոր զգացմունքները՝ սեր, խանդ, կիրք, երջանկություն, ատելություն ու կարոտ։
Ֆիլմի գլխավոր կերպարներին մարմնավորել են Տարոն Իսպիրյանը (Պոնչը) և Նաստասյա Գոլովկոն։ Ռոզալիին «մարդ դարձնելու» ծանր բեռն էլ ստաձնել էր Պոնչը՝ Առաքելը. հենց այդ հատվածից էլ սկսվում են ֆիլմի արկածները։
Ըստ Պոնչի՝ հիացած էր խաղընկերուհու պրոֆեսիոնալ մոտեցմամբ, չլինելով «ֆենթեզի» ժանրի սիրահար, միևնույն է, «Ռոզալին» դարձել է իր ամենասիրելի ֆիլմը։
«Մենք վստահ էինք, որ այս հումորային ժանրում Պոնչը կկարողանա իրեն դրսևորել, քանի որ Պոնչը, թե՛ շնորհալի երիտասարդ է, թե՛ սիրված դերասան: Պոնչը մարմնավորում է երիտասարդի, որի մարդկային կերպարանափոխությունն ավելի ակնառու է, քան ռոբոտի կերպարանափախությունը՝ մարդուն: Նաստասյայի դեպքում մեզ պետք էր այնպիսի դերասանուհի, որին կկարողանայինք կերպարանափոխել, և հանդիսատեսը տեսնելու է, թե ինչքան տարբեր կերպարներում է ներկայանալու նա»,- դերեկատարների ընտրության մասին լրագրողների հետ զրույցում պատմել է պրոդյուսեր Արման Միտոյանը։